Դեկտեմբերի 6-ին Արմավիրի բաժնի ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտել են հանցագործության դեպքեր։ Քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող շուկայի հարակից տարածքում արտարժույթի ապօրինի փոխանակում են իրականացնում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում Արմավիրի Նալբանդյան փողոցում հայտնաբերվել և բաժին է հրավիրվել 52-ամյա մի տղամարդ։
Ըստ նրա հայտնածի՝ դեկտեմբերի 6-ի առավոտյան 300 եվրոյի դիմաց 58-ամյա համաքաղաքացուց ստացել էր 126 000 դրամ։ Ժամեր անց 58-ամյա տղամարդը շուկայի տարածքում հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 200 հազարից ավելի դրամ։ Նա հայտնել է, որ 52-ամյա տղամարդու հետ ինքն էր եվրոն փոխանակել դրամով և նշել, որ շուրջ մեկ ամիս է, ինչ նշված հասցեում, առանց համապատասխան թույլտվության, տարադրամի փոխանակում է անում։
Նույն օրը Արմավիրի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են արտարժույթի չլիցենզավորված առևտրի երկրորդ դեպքը։ Արմավիրի Մաշտոցի փողոցում հայտնաբերել և բաժին են հրավիրել 57-ամյա մի տղամարդու։ Նա հայտնել է, որ Արմավիրի Չարենցի փողոցի շուկայի տարածքում 5000 ռուբլի էր փոխանակել իր հասակակից տղամարդու հետ և ստացել 30 750 դրամ։
Իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Չարենցի փողոցում տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 1 միլիոն դրամից ավելի գումար և 2000 ռուբլի։ Ըստ ձերբակալվածի՝ 57-ամյա համաքաղաքացու հետ ինքն էր ռուբլին փոխանակել դրամով։ Նա հայտնել է նաև, որ նշված տարածքում շուրջ 1 ամիս է՝ ինչ իրականացնում է արտարժույթի ապօրինի փոխանակում։
Հաջորդ բացահայտումն արեցին ոստիկանության Արմավիրի վարչության քրեական հետախույզները։ Նրանք Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտաբերել, ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 44-ամյա մի արմավիրցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 0,94 և 0,95 գրամ քաշով սուբուտեքսի նմանվող երկու հաբ։
Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահատվել է նույն օրը՝ երեկոյան։ Խանջյան գյուղի միջնակարգ դպրոցի մոտակայքում հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, բաժին է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող չորացված-մանրացված զանգված ու կաթուցիչ։ Ըստ երիտասարդի՝ կանեփը քաղել ու թմրամիջոց էր պատրաստել իր օգտագործման համար։
Ժամերի տարբերությամբ Արմավիրի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության երրորդ դեպքը։ Նրանք Արմավիր քաղաքի Խաչատրյան փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են Հայկավան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3 գրամ քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրամիջոց էր, կանեփի վայրաճ թփերից պատրաստել էր իր օգտագործման համար։
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։