Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, ըստ դատախազության, 2006 թվականին հանցավոր ճանապարհով օրինականացրել ու վնասել է 19-րդ դարի վերջին ալեքպոլցի մեծահարուստներ Դրամփյանների կառուցած պատմամշակութային հուշարձանը:
Արմեն Օսեյան (ՀՀ ԳԴ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ) - Գյումրի համայնքի նախկին ղեկավարի կողմից օտարվել է և առանց համապատասխան թույլտվության իրականացվել են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով վնասվել է նշված պատմամշակութային արժեքը:
Աբովյան 264 հասցեում գտնվող այս շենքը դեռևս խորհրդային կարգերի հաստատումից հետո հանձնվել է ժողդատարանին. այն պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է ճանաչվել Կառավարության 2004 թվականի որոշմամբ: Հուշարձանին կից այժմ գործում է նաև ավտոսպասարկման կետ, այն հուշարաձանի անբաժանելի մաս է, թե ոչ՝ կպարզվի քննությամբ:
Արմեն Օսեյան - Առհասարակ, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների համար ինչպես վերանորոգման, այնպես էլ օտարման մասով պետք է լինի համապատասխան գերատեսչության թույլտվությունը:
Բացի դրանից՝ 13 տարի Գյումրի քաղաքը ղեկավարած Ղուկասյանը մեղադրվում է տասնհինգ հողամասեր հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար, որոնցից 5-ը` Գյումրու կենտրոնական զբոսայգու տարածքում: Ղուկասյանը, սակայն, մեղադրանքը չի ընդունում: Նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը նշում է՝ համացանցից են տեղեկացել քրեական հետապնդում հարուցելու որոշման մասին:
Արամայիս Հայրապետյան (Վարդան Ղուկասյանի պաշտպան) - Այնինչ, ըստ օրենքի, անձին պետք է քրեական հետապնդում հարուցելու որոշումը ծանոթացվեր, և վերջինս դիրքորոշում հայտներ: Քանի որ չունենք որոշումը, նկարագրությունը, չենք կարող այդ մասին որևէ դիքորոշում հայտնել:
Այդուամենայնիվ, պաշտպանը պնդում է՝ Ղուկասյանը փողերի լվացում չի կատարել:
Արամայիս Հայրապետյան - Փողերի լվացումը ինչ է նշանակում, նշանակում է` հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը փոխակերպել այլ գույքի, կամ դրա հանցավոր ծագումը կոծկելու համար փոխանցել այլ անձի: Էն, ինչ որ մեզ հայտնի է, Վարդան Ղուկասյանը նման արարքների մեջ չի մեղադրվում: Նման փաստական տվյալ չկա, որ ինքը Ա գույքը փոխակերպել է Բ գույքի, ենթադրենք, հափշտակել է դրամ, բայց այդ դրամը օրինականացրել է անշարժ գույքի տեսքով նման փաստական տվյալներ քրեական գործում չկան:
Մինչդեռ դատախազը ներկայացնում է փողերի լվացման մեխանիզմը:
Արմեն Օսեյան - Նշված անշարժ գույքերի մի մասը համայնքի նախկին ղեկավարն օտարել է ինքն իրեն, ինչպես նաև «Անբերդ» ՍՊԸ-ին, որի մասնաբաժինները ինչպես իրեն այնպես էլ իր եղբորն են պատկանում:
Իսկ մի մասը, ըստ դատախազության, ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարվել է Ղուկասյանի ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի տնօրենին, որն էլ նշված հողամասն առուվաճառքի պայմանագրով օտարել է այլ անձի, հետագայում այդ անձն էլ` Ղուկասյանին որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին:
Արմեն Օսեյան - Հետագայում նշված հողատարածքներն ու հողամասերը իրեն փոխկապակացված անձանց կողմից հետ են վերավաճառվել իրեն կամ իր մերձավորներին, այդ կերպ տեղի է ունեցել փողերի լվացում:
Ղուկասյանի այս գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 12 միլիոն դրամի վնաս:
Արմեն Օսեյան - Հսկող դատախազի որոշմամբ՝ դեկտեմբերի 19-ին որոշում է կայացվել Գյումրի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
Պաշտոնավարման ընթացքում ու դրանից հետո բազմաթիվ աղմկահարույց պատմությունների կենտրոնում հայտնված Ղուկասյանը այսպիսով մեղադրվում է 38 դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, 6 դրվագով` փողերի լվացման և մշակույթի անշարժ հուշարձանը վնասելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Հեղինակներ` Տաթև Խաչատրյան, Քրիստինա Մկրտչյան