Լաչինի միջանցքը փակելով՝ ինչ-որ չափով նաև Ադրբեջանն է փակուղում հայտնվել՝ Ազգային ժողովի նախագահի դիտարկումն է ստեղծված իրավիճակին: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Բաքուն հավանաբար նման միջազգային ճնշում չէր սպասում:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Եվ մենք շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, որը հասու է ՀՀ-ին, չներքաշվելու ինչ-որ պրոցեսների մեջ, այդ ուղղությամբ ջանքեր գործադրել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկվա հայտարարությունները՝ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից փակ պահելու մասին, ավելի կոշտ, հասցեական էին՝ սա էլ արձանագրեց խորհրդարանի փոխխոսնակը: Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ այսպես նաև միջազգայնանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
Ռուբեն Ռուբինյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Երեկվա նիստից ակնհայտ դարձավ, որ այդ ճնշումը մեծացել է, մեծանում է, և Լեռնային Ղարաբաղի խնդիրը միջազգայնանում է, և դա Ադրբեջանի ապօրինի քայլերի արդյունքն է: Տեսաք, որ բոլոր երկրների ներկայացուցիչները օգտագործում էին Լեռնային Ղարաբաղ եզրույթը՝ ի հեճուկս Ադրբեջանի, նշում էին նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման անհրաժեշտությունը, ֆիքսում էին Լաչինի միջանցքը:
Ի տարբերություն մյուսների՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հայտարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ազգային ժողովի նախագահը բացասական է գնահատում, ակնկալում էր հասցեական գնահատական:
Ալեն Սիմոնյան - Դա արեցին երկրներ, որ ընդհանրապես Հայաստանի հետ սերտ հարաբերություններ չունեն, և կարծում եմ՝ կամ չի կարողանում, կամ չի ուզում: Միևնույն ժամանակ, ես զարմացած չեմ, և վերջին զարգացումները ցույց էին տալիս, որ հնարավոր է, որ Ռուսաստանի կողմից նման արձագանք լինի, երևի նաև նրա համար, որ ռուս խաղաղապահների գոտում է, որպեսզի իրենց վրա շատ պատասխանատվություն չվերցնել:
Սակայն այն թեզը, թե Ռուսաստանն է փակել Լաչինի միջանցքը, չի համապատասխանում իրականությանը. միջանցքն ապօրինաբար արգելափակել են ադրբեջանցիները, բայց տարբեր հարթակներում սլաքները դեպի Ռուսաստան են ուղղում:
Ռուբեն Ռուբինյան - Սա ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական թեզ է, որը նրանք օգտագործում են: Կոնկրետ այս դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում էր, դրա համար բացեիբաց չասեցին, բայց այլ հարթակներում ուղիղ ասում են:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների հասցեական հայտարարություններից հետո, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի կարծիքով, կա հավանականություն, որ ճանապարհը կբացվի: Արման Եղոյանի խոսքով՝ կարևոր է, որ հարցը մտավ միջազգային օրակարգ, հնչեցին ձևակերպումներ, որոնք Ադրբեջանը չէր ցանկանա, որ հնչեին:
Արման Եղոյան (ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Երկու դեպքում կարող է ճանապարհը բացվել՝ երբ փակողների պահանջները բավարարվեն, կամ երբ նրանք տեսնեն, որ իրենց պահանջները իրականացնել չի ստացվում: Իմ կարծիքով՝ մենք երկրորդ տարբերակով պետք է առաջ շարժվենք, որովհետև մենք այլ ճանապարհ չունենք:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս պահին քննարկվում է մամուլի հաղորդագրության նախագիծը, որն ընդունվելու է կոնսենսուսով: