Human Rights Watch-ը հայտարարություն է տարածել, որում նշվել է. «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն արգելափակված է 2022 թ. դեկտեմբերի 12-ից՝ խաթարելով այնտեղ բնակվող տասնյակ հազարավոր էթնիկ հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը»։
Փակված ճանապարհը թույլ չի տալիս նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչներին լքել շրջանը։ Ավելի քան հազար մարդ գտնվում է արգելափակման մեջ այս կամ այն կողմից և չի կարողանում հասնել իրենց տները: Նրանց թվում կան տասնյակ երեխաներ, որոնք դպրոցական ճամփորդությամբ մեկնել էին Հայաստանի մայրաքաղաք Երևան, և այժմ նրանց արգելված է վերադառնալ իրենց տները, ծնողների մոտ։ «Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական սարսափելի հետևանքների»,- ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
«Անկախ նրանից, թե ով է փակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները և այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն ազատ տեղաշարժը և մարդկանց հասանելիությունը հիմնական ապրանքներին ու ծառայություններին։ Որքան երկար տևի հիմնական ապրանքների մատակարարման և ծառայությունների իրականացման խափանումը, այնքան ավելի մեծ կլինի վտանգը քաղաքացիական անձանց համար»:
Մինչ ճանապարհը փակ է հանրության և ապրանքների փոխադրման համար, որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ ռուսական խաղաղապահ ուժերի մի քանի բեռնատարների, որոնք ենթադրաբար հումանիտար ապրանքներ են պարունակում, թույլատրվել է անցնել, թեև պարզ չէ, թե ում համար են նախատեսված այդ բեռները: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Human Rights Watch-ին ասել է, որ դրանք նախատեսված չեն եղել Լեռնային Ղարաբաղի հանրության համար:
Անկախ նրանից, ցուցարարներն իրակա՞ն բնապահպանական մտահոգություններ ունեն, թե՞ այլ դժգոհություններ, Ադրբեջանը պետք է նպաստի խաղաղ բողոքի իրավունքի իրացմանը՝ ապահովելով բաց ճանապարհ, բողոքի ակցիան չզրկի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հիմնական ծառայություններից օգտվելու և ազատ տեղաշարժի իրավունքից:
Հայտարարության մեջ շեշտվել է, որ հումանիտար իրավիճակն ավելի էր սրվել Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարման խափանմամբ, քանի որ Հայաստանից մատակարարվող գազի խողովակաշարերն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջաններով: