Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը մասնակցել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կահավորված հոգեթերապևտիկ սենյակի բացմանը:
Սենյակի հարդարումն իրականացվել է թերապևտիկ աշխատանքին համապատասխան հատուկ լուծումներով՝ հագեցած ինչպես անհատական, այնպես էլ խմբային թերապիա անցկացնելու հնարավորությամբ:
Հոգեթերապևտիկ սենյակի կահավորմանը զուգահեռ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվել են ինչպես «Աբովյան», այնպես էլ այլ քրեակատարողական հիմնարկների հոգեբանների մասնագիտական վերապատրաստումներ՝ թերապևտիկ աշխատանքի (այդ թվում՝ արտթերապիայի) հմտությունները զարգացնելու նպատակով:
Բացման արարողությանն Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին, ինչպես նաև ներգրավված փորձագետներին կատարված արդյունավետ աշխատանքի համար՝ վերահաստատելով Արդարադատության նախարարության պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը քրեակատարողական հիմնարկներում տրամադրվող հոգեբանական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ:
Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ, «Հոգեբանների հայկական գիտական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Ամիրյանը, ներկայացնելով կատարված աշխատանքները, բարձր է գնահատել հոգեբանների պատրաստակամությունը, ինչպես նաև Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ջանքերը՝ մասնագետների վերապատրաստման և քրեակատարողական հիմնարկներում հոգեթերապիայի համար պայմանների ստեղծման գործում:
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը հավաստագրեր է հանձնել վերապատրաստումն անցած հոգեբաններին: