ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) 750.000 ԱՄՆ դոլարի չափով աջակցության շնորհիվ՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) կաջակցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ամրապնդելու Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի՝ ցնցումներին արձագանքելու կարողությունները։
Համագործակցելով ԱՄՆ ՄԶԳ-ի հետ՝ ՊՀԾ-ն սկսում է «Ինտեգրված արձագանք Հայաստանում պարենի գնաճի հետևանքներին» ծրագիրը, որի նպատակն է հզորացնել ցնցումներին ու աղետներին արձագանքող պետական քաղաքականություններն ու ընթացակարգերը ու նպաստել սոցիալական աջակցության նոր ծառայությունների մատուցմանը հաջորդ 15 ամիսների ընթացքում:
«ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է, որ աշխատում է ՊՀԾ-ի հետ՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ անկանխատեսելի մարտահրավերների պայմաններում քաղաքացիների, և հատկապես խոցելի բնակչության կարիքներին արձագանքելու գործում: Մենք ուրախ ենք, որ ավելի քան 3000 մարդ ուղղակիորեն կշահի այս ծրագրից»,- նշել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:
Սերտորեն համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ՊՀԾ-ն կմշակի և կկիրառի ցնցումներին արձագանքող սոցիալական պաշտպանության քաղաքականություններ, ընթացակարգեր և ռեսուրսներ:
Բացի այդ, այս ցնցումներին արձագանքելու համար նախատեսված ծառայություններից մեկը՝ «Սննդի աջակցության քարտը», տրամադրվելու է երեք մարզերի պարենային անապահով 3000 մարդու՝ բավարարելու նրանց հրատապ պարենային կարիքները՝ այնուհետև այն պետական ծառայություն դարձնելու հեռահար նպատակով։
«Հայաստանում մենք պարբերաբար ականատես ենք լինում աղետների, և մեր նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը սոցիալական այնպիսի համակարգեր ունենալու գործում, որոնք կարող են հարմարեցվել և ճիշտ ժամանակին ճիշտ օգնություն ցուցաբերել կարիքավոր մարդկանց: ՊՀԾ-ն ողջունում է ԱՄՆ ՄԶԳ-ի առատաձեռն աջակցությունը, որը կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ սոցիալական պաշտպանության բոլոր անհրաժեշտ գործիքներով ու մեխանիզմներով ապահովելու գործում և կօգնի մարդկանց ցնցումների ժամանակ և դրանից հետո»,- նշել է ՊՀԾ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն:
ՊՀԾ-ն կարևորում է Հայաստանում ցնցումներին արձագանքող սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման կարևոր դերը: