Դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի հիման վրա՝ քննարկելու Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը:
Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամին: Ընդգծվել է, որ միջանցքի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից և միջազգային հումանիտար իրավունքից ու մարդու իրավունքներից բխող Ադրբեջանի հանձնառությունների կոպիտ խախտում է։
Մհեր Մարգարյանը շեշտել է, որ Ադրբեջանը փաստացի թիրախավորել է Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակչությանը՝ ձմեռվա բարդ եղանակային պայմաններում լիովին մեկուսացման ենթարկելով նրանց: Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով կտրուկ դժվարացել է բժշկական և սոցիալական ծառայությունների մատուցումը՝ առաջացնելով մարդկանց կյանքին սպառնացող իրավիճակ:
Նշվել է, որ Ադրբեջանի այս և նախորդած գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն և ի ցույց են դնում Ադրբեջանի իշխանությունների նպատակը էթնիկ զտման ենթարկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
Դեսպան Մարգարյանը կարևորել է միջազգային հանրության շարունակական ներգրավումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու հարցում՝ ընդգծելով, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է ձեռնարկի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունից բխող գործողություններ, ներառյալ՝ դատապարտի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնք սպառնում են ազատ և արժանապատիվ ապրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքին։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հավելել է, որ Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ագրեսիաներն ի ցույց են դնում, որ պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների, այդ թվում և պատժամիջոցների, չկիրառումը Ադրբեջանին հնարավորություն են տալիս կասկածի տակ դնել միջագային հանրության և ՄԱԿ ԱԽ վճռականությունն ու հաստատակամությունը՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանելու հարցում:
Ամփոփելով ելույթը Մհեր Մարգարյանը կոչ է արել ՄԱԿ ԱԽ-ին՝
-
պահանջել Ադրբեջանից լիովին հարգել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անհապաղ ու անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ վերացնելով ապահով, անվտանգ և անարգել տրանսպորտային հաղորդակցության համար բոլոր խոչընդոտները,
-
Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում տեղակայել փաստահավաք առաքելություն տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար,
-
ՄԱԿ համապատասխան մարմինների համար ապահովել անարգել հումանիտար հասանելիություն Լեռնային Ղարաբաղ: