Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողն ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Փրայսին հարցրել է, թե Սպիտակ տունն ինչպես է պատրաստվում արձագանքել ադրբեջանցի ակտիվիստ, ԱՄՆ-ում կրթություն ստացած Բախտիար Հաջիևի ձերբակալությանը: Նա արդեն վեց օր հացադուլ է հայտարարել բանտում, իսկ Ադրբեջանի դատարանը հրաժարվում է նրան ազատ արձակել: Լրագրողին հետաքրքրել է, թե արդյոք ԱՄՆ իշխանությունն այդ հարցը քննարկե՞լ է անցած շաբաթ Վաշինգտոն ժամանած ադրբեջանցի պաշտոնյաների հետ:
Պետքարտուղարության մամուլի խոսնակը վստահեցրել է, որ իրենց լրջորեն անհանգստացնում է Հաջիևի ձերբակալությունը, և Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում անհապաղ ազատ արձակել ակտիվիստին: Փրայսը տեղեկացրել է, որ իրենք չեն վարանում շարունակ բարձրացնել մարդու իրավունքների հարցն ամբողջ աշխարհում իրենց գործընկերների, այդ թվում Ադրբեջանի պաշտոնյաների հետ:
Լրագրողը մամուլի խոսնակին հարցրել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու՝ բանտում մնալու և նրա առողջական վիճակի վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների վերաբերմունքի մասին: Սաակաշվիլու ամերիկացի բժիշկները խորհուրդ են տվել նրան դուրս բերել երկրից:
Նեդ Փրայսը հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը պատասխանատու է Սաակաշվիլու նկատմամբ արդար և արժանապատիվ վերաբերմունքի համար, այդ թվում ՝ տրամադրելով անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնությունը՝ անկախ բժշկական փորձագետների առաջարկություններին համապատասխան: Պետքարտուղարության խոսնակն ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները պարտավոր են պաշտպանել Սաակաշվիլու՝ մարդու իրավունքները և ապահովել նրան անհրաժեշտ օգնությամբ։