Հանրապետության որոշ տարածքներում առաջիկա օրերին մառախուղը կպահպանվի: Այն ընդգրկում է Արարատյան դաշտը, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածները, ավելի կոնկրետ` Արարատյան դաշտից տարածվում է մինչև ծովի մակարդակից 1300, 1400 մետր բարձրությունների վրա:
Գագիկ Սուրենյան (ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Ամսի 22-27-ին նորից հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, և օդի ջերմաստիճանը կշարունակի կլիմայական նորմայից բարձր մնալ մոտ 5-7 աստիճանով, Արարատյան դաշտում՝ 2-4 աստիճանով:
Մառախուղը կանխատեսվում է, որ մինչև ամսի 25-ը ժամանակ առ ժամանակ պահպանվելու է, կլինեն փուլեր, որ որոշ չափով կթուլանա, որոշ չափով կուժեղանա, բայց ընդհանուր պրոցեսը մինչև դեկտեմբերի 25-ը գնահատվում է, որ պահպանվելու է:
Պայմանավորված գիշերային բացասական ջերմաստիճաններով և մառախուղի առկայությամբ՝ ճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Գագիկ Սուրենյան - Ես կրկին ուզում եմ հիշեցնել, որ այդ նախազգուշացումը պահպանվում է, հատկապես գիշերը և առավոտյան ժամերին՝ Արարատում, Արմավիրում, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի նախալեռնային գոտիներում ճանապարհների առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց, ուստի վարորդներին կոչ ենք անում, հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
Մառախուղի ժամանակ ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից են հակամառախուղային լապտերները չմիացնելը և ավտոմեքենաների միջև սահմանված հեռավորությունը խախտելը:
Հակոբ Պարոնյան (Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկ, ՀՀ ոստիկանության լեյտենանտ) - Մառախուղի ժամանակ նույնիսկ հետիոտնները չեն երևում անցնելուց, նույնը պահանջվում է հետիոտններից, որոնք լինեն առավել ուշադիր, համոզված լինեն, որ տրանսպորտային միջոցները իրենց զիջում են, անցնեն անցումներով, նույնիսկ անցումներով անցնելիս ուշադիր լինեն, համոզված լինեն, որ վարորդը իրենց նկատել է, զիջում է իրենց, նոր անցնեն փողոցը:
Դեկտեմբերի 20-ին շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Դավթաշենի կամրջի վրա, 27 ավտոմեքենա էր բախվել: Հակոբ Պարոնյանը նշում է` հիմնական պատճառը մերկասառույցն էր և լուսարձակները կամ վթարային լույսերը չմիացնելը: Իսկ ինչպե՞ս խուսափել նմանատիպ իրավիճակներից:
Հակոբ Պարոնյան - Վթարի ենթարկված վարորդներն էլ իրենց հերթին պետք է անվտանգությունն ապահովեն թե՛ իրենց, թե՛ մյուս երթևեկության մասնակիցների հանդեպ, միացնեին լուսարձակները, կամ վթարային լույսերը, որպեսզի իրենց մոտեցող տրանսպորտային միջոցները նկատեին իրենց, քանի որ իրենք վթարված են արդեն, մեկը մյուսի հետ փոխկապակցված է եղել, ինձ թվում է, վթարը, դրա համար էլ այդպես հնչողություն ստացած վթար մենք ունեցանք:
Հակոբ Պարոնյանը հիշեցնում է՝ վարորդներից պահանջվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, դրանք որոշ չափով երթևեկությունը դարձնում են ավելի ապահով:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան