Լաչինի միջանցքով արցախցիներին հումանիտար օգնություն չի հասնում: Ադրբեջանական մեդիայում ցուցադրվող բեռնատարները ոչ թե հումանիտար օգնություն են հասցնում արցախցիներին, այլ հատում են փակ ճանապարհը ռուս խաղաղապահների կարիքների համար, այսօր հայտարարել է Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույց անող պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
Արտակ Բեգլարյան (Արցախի պետնախարարի խորհրդական) - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր Ստեփանակերտից Երևան տեղափոխվեց 62-ամյա տղամարդ, որն ունի սրտային պաթոլոգիա: Մասնագետների որոշմամբ՝ տղամարդուն անհրաժեշտ է բաց վիրահատություն: Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են նաև ռուս խաղաղապահ զորակազմի մեքենաները: Հայաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ սրտային պաթոլոգիայով հիվանդին նախ տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխել են Երևան՝ Նորք-Մարաշ բժշկական կենտրոն:
Մհեր Մուսայելյան (Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն) - Այստեղ իրականացրել ենք կորոնար անգիոգրաֆիա, և ցուցում է տրվել, որ պետք է գնա բաց վիրահատության, այսինքն՝ աորտակորոնար շունտավորման:
Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի ծանր հիվանդներից մեկն այսօր մահացել է, բայց խնդիրն Արցախը Հայաստանին կապող փակ ճանապարհը չէր, ասում է Մհեր Մուսայելյանը:
Մհեր Մուսայելյան - 15 տարի գտնվում էր ծրագրային հեմոդիալիզի վրա, այդ հիվանդը առավոտյան մահացել է: Նա եղել է դեկոմպեսացված վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում: Տրանսպարտիրովկայի ցուցումներ չուներ, այսինքն՝ ինքը ոչ տրանսֆորտոմոբիլ հիվանդ է եղել, այդ վիճակի ելքը սպասված էր:
ԼԵՇՄԱՆՅՈԶՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ ԵՂԵԼ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՀՀ
Ադրբեջանական ակտիվիստների կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով նախորդ օրերին հնարավոր չի եղել Երևան տեղափոխել 4 ամսական երեխայի, որի մոտ հայտնաբերվել է վիսցերալ լեյշմանիոզ:
Կարեն Մելքումյան (Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն) - Լեյշմանիոզը կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ է, որի պարագայում ժամանակն աշխատում է երեխային հակառակ: Այսինքն՝ մենք պետք է շտապ որոշում կայացնեինք՝ հնարավո՞ր է լինելու երեխային տեղափոխել, թե՞ մենք բուժումը պետք է սկսենք այստեղ: Քանի որ շաբաթ և կիրակի օրերին, գիտեք, ճանապարհն անանցանելի էր բոլոր տեսակի մեքենաների համար, մենք մեր երևանյան գործընկերների հետ որոշում ենք կայացրել բուժումը սկսել «Արևիկ» բուժմիավորումում:
ԵՎՍ 10 ԵՐԵԽԱ ԲՈՒԺՈՒՄ Է ՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ
Եվս 10 երեխա այժմ բուժում է ստանում «Արևիկ» մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Տեղի բժիշկներին առցանց աջակցում են հայաստանյան գործընկերները:
Կարեն Մելքումյան - Նրանք շատ պատրաստակամ են մեզ աջակցելու, և այդ երեխայի բուժման բոլոր մանրուքները, բոլոր մանրամասները քննարկվել են համապատասխան մասնագետների հետ, ովքեր առօրյայում շփվում են նմանատիպ երեխաների հետ:
Ադրբեջանական մամուլը գրում է, թե այսպես կոչված «բնապահպանները» հումանիտար աղետ չեն ստեղծում Արցախում: Իրականում, ութերորդ օրն է՝ Արցախը շրջափակված է, իսկ 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:
Երևանից եկած մանկական նյարդաբաններ Բիայնա Սուխուդյանն ու Մանե Թադևոսյանը Ստեփանակերտում էին, երբ ճանապարհը փակվեց, մասնագիտական աշխատանքն Արցախում են շարունակում:
Բիայնա Սուխուդյան (Մանկական նյարդաբան) - Լինելով մեկը իրենցից՝ հավատացեք, որ շատ ավելի հեշտ է: Լինելով այստեղ՝ փորձում ենք օգնել այս մարդկանց՝ թե՛ հոգեբանորեն և թե՛ մեր գիտելիքներով:
Միջանցքի փակման պահից Արցախ դեղեր ու բժշկական պարագաներ չեն մատակարարվում: Թեև այս պահին դրանց դեֆիցիտ չկա, պլանային վիրահատություններ չեն արվում: