ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան: Դեկտեմբերի 21-ին նախատեսված է Վուչիչի հանդիպումը Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի, այնուհետև նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ակնկալվում է, որ այցի շրջանակում կքննարկվեն էներգետիկ ոլորտում սերբ-ադրբեջանական գործակցության հարցեր:
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲԱՂԴԱԴԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ
Հորդանանում Փարիզի գլխավորությամբ մեկնարկել է Համագործակցության և գործընկերության հարցերով Բաղդադի խորհրդաժողովի երկրորդ նիստը, որին մասնակցում են Իրաքի, Թուրքիայի, Հորդանանի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ֆրանսիայի, Բահրեյնի, Օմանի և ԵՄ-ի ու ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Գագաթնաժողովի նպատակն է բարելավել հարաբերությունները տարածաշրջանի պետությունների միջև, ինչպես նաև խթանել տնտեսական և ներդրումային գործընկերությունը Իրաքի և հարևանների միջև: Նիստի օրակարգում են նաև աշխարհում պարենային և էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր։
Բացման ուղերձով է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կոչ արել աջակցել Իրաքին` երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում։
Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հանդիպումը։ Իրանական կողմի տվյալով՝ պաշտոնյաները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի ակտիվացման և պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցային գործընթացը, ինչպես նաև հստակեցնել արևմտյան որոշ պաշտոնյաների դիրքորոշումը Իրանում վերջին զարգացումների վերաբերյալ։
Հանդիպումն ամփոփել է նաև Ժոզեպ Բորելը, նշել` Իրան-ԵՄ հարաբերությունների վատթարացման ֆոնին շատ կարևոր քննարկումներ են անցկացրել:
ՇՎԵԴԻԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՉԻ ԱՐՏԱՀԱՆՁՆԻ ZAMAN-Ի ՆԱԽԿԻՆ ԽՄԲԱԳՐԻՆ
Շվեդիայի Գերագույն դատարանը Թուրքիային չի արտահանձնի թուրք լրագրող, ZAMAN թերթի նախկին խմբագիր Բյուլենթ Քենեշին, ինչը Անկարայի առանցքային պահանջն է ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության մասին արձանագրությունը վավերացնելու համար:
Քենեշին Անկարան մեղադրում է 2016 թվականին Ռեջեփ Էրդողանի իշխանությունը տապալելու փորձի և Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենի շարժմանը անդամակցելու համար:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քենեշին թուրքական կողմի ներկայացրած որոշ մեղադրանքներ Շվեդիայում հանցագործություն չեն համարվում: Շվեդական դատարանը անհնար է համարել արտահանձնումը՝ նաև հաշվի առնելով գործի քաղաքական բնույթը և լրագրողի փախստականի կարգավիճակը:
Թուրքիան արձագանքել է: Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի գնահատմամբ՝ սա «շատ բացասական զարգացում է»:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԱԽՄՈՒՏ
Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Դոնեցկի Բախմուտ քաղաք։ Այցի մասին նախապես չի հայտարարվել, տեղեկացրել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։
«Արդեն 300 օր է՝ լայնածավալ պատերազմ է: Նախագահն այսօր պարգևատրել է մեր արևելյան բերդի՝ Բախմուտի պաշտպաններին։ Թշնամու հիմնական ուժերը հենց այնտեղ են կենտրոնացած»,- ընդգծել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Բախմուտն այժմ առանցքային ուղղություններից մեկն է, այնտեղ ընթանում են ամենաթեժ մարտերը:
Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինն էլ ընդգծել է՝ եթե քաղաքն անցնի ռուսական ուժերի վերահսկողության տակ, դա թույլ կտա վերահսկողություն հաստատել նաև տարածաշրջանի ողջ հյուսիսային հատվածի վրա։
ԿԻԵՎՈՒՄ ՎԱՌԵԼ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ
Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ռուսական հարվածների հետևանքով Կիևի 50%-ը էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ ունի: Քաղաքապետը նշել է, որ համապատասխան ծառայություններն աշխատում են էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Այս մասին Կլիչկոն հայտնել է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ: Տոնածառը զարդարված է էներգախնայող լույսերով, դրանք միացվում են օրվա ընթացքում մի քանի անգամ՝ հստակ ժամերի:
«Այս տարի շատ քննարկումներ եղան՝ տեղադրե՞լ տոնածառը, թե՞ ոչ: Չնայած ապրում ենք ռազմական դրության, հրետակոծության և հոսանքազրկման պայմաններում, Սուրբ Ծնունդը պետք է գա, մեր երեխաները պետք է ուրախանան»,- ասել է Կլիչկոն։