Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Ցանկում ներառված է 31 355 ապրանքատեսակ։
Ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում:
Կոմիտեն հիշեցնում է, որ ցանկում նշված ապրանքները հայտարարագրելիս անձինք կարող են, հղում անելով նշված ցանկին, մաքսային մարմիններին այլևս չներկայացնել նշված ապրանքների՝ երկակի և (կամ) ռազմական նշանակության պատկանելության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվում են տարբեր փորձագիտական ընկերությունների կողմից, քանի որ տվյալ ապրանքներն արդեն իսկ որակվել են որպես ոչ երկակի և (կամ) ոչ ռազմական նշանակության ապրանքատեսակներ։
Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է, որ հայտարարագրվող ապրանքի մասով տվյալ ցանկին հղումը հիմք կընդունվի մաքսային մարմինների կողմից՝ միայն տվյալ ապրանքի և ցանկում նշված նույնանման ապրանքի բոլոր բնութագրերի ու նկարագրությունների համընկնելու պարագայում։
Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը անհրաժեշտության դեպքում պարբերաբար կթարմացվի և կընդլայնվի, որը հետագայում նույնպես կհրապարակվի։