ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգի նախագիծը:
Համաձայն նախագծի՝ այլընտրանքային է համարվում հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ու կարողունակություններն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիրը։
Այլընտրանքային կրթական ծրագրերն են՝
հեղինակային կրթական ծրագիր (ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հեղինակած և օրենսդրությամբ սահմանված կարգով՝ որպես հեղինակային երաշխավորված հանրակրթական ծրագիր).
փորձարարական կրթական ծրագիր («Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կրթական աստիճանի առավելագույն տևողությամբ ներդրված հանրակրթական ծրագիր).
միջազգային կրթական ծրագիր (միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող հանրակրթական ծրագիր):
Այլընտրանքային կրթական ծրագիրը՝ որպես երաշխավորված հանրակրթական ծրագիր, ենթակա է գործածության կարգի պահանջներին համապատասխան փորձաքննության ներկայացնելուց, դրական եզրակացություն ստանալուց և ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվելուց հետո:
Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն, որն ընդգրկում է այլընտրանքային կրթական ծրագրի ամբողջական վերլուծությունը՝ կարգով սահմանված պահանջներին համապատասխան: Այն ներառում է փաստարկներ և հիմնավորումներ նյութի բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող չափանիշներին և ցուցիչներին (գիտականություն, մատչելիություն և մանկավարժական, մեթոդական, լեզվաոճական և այլ բնութագրիչներ) համապատասխանության վերաբերյալ:
Այլընտրանքային կրթական ծրագրի փորձաքննությունն իրականացնում է մանկավարժի որակավորում շնորհող բուհը՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, համապատասխան ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների և հանրակրթական, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ԳԱԱ գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ կամ մրցութային եղանակով կարող է պատվիրակվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:
Պատվիրատուի տրամադրած փորձարարական կրթական ծրագիրը ներկայացվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն՝ փորձաքննության, որի դրական եզրակացության հիման վրա ծրագիրը երաշխավորվում է գործածության: Կրթական աստիճանի տևողությամբ փորձարարական կրթական ծրագրի գործարկման ժամանակահատվածում ԿԶՆԱԿ-ը յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ իրականացնում է մշտադիտարկում՝ ուսուցման կազմակերպման ձևի, բովանդակության, մեթոդաբանության, նպատակաուղղվածության վերաբերյալ: ԿԶՆԱԿ-ը կրթական ծրագրի ներդրման սահմանված ժամկետի ավարտին ներկայացնում է ամփոփիչ եզրակացություն, որը դրական լինելու դեպքում կարող է որպես հեղինակային ծրագիր ներկայացվել երաշխավորման՝ ըստ կրթական աստիճանների:
Միջազգային կրթական ծրագիրը ճանաչվում է գործածության ենթակա, եթե առկա են հավաստի տեղեկություն՝ տասը և ավելի օտարերկրյա պետություններում որպես հանրակրթական ծրագիր իրականացվելու մասին, միջպետական նախնական համաձայնություն, ինչպես նաև համապատասխան դրական եզրակացություն:
Փորձագիտական դրական եզրակացության հիման վրա ԿԳՄՍ նախարարի հրամանով ներկայացված ծրագիրը երաշխավորվում է գործածության: Բացասական կարծիքի դեպքում ծրագիրը վերադարձվում է ներկայացնողին` կցելով եզրակացությունը և հիմնավորումները:
Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 29-ը: