ԵՄ-Ն ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ ՌԴ ԳԱԶԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԻ ՇՈՒՐՋ
ԵՄ երկրները համաձայնության են եկել ռուսական գազի առավելագույն գնի շուրջ՝ 180 եվրո 1 ՄՎտ/ժ-ի դիմաց: Որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի փետրվարի 15-ից՝ տեղեկացնում է Reuters-ը։ ԵՄ խորհրդի տվյալով՝ սա կոշտ սահմանափակում չէ, սակայն կկանխի գազի գնի կտրուկ թռիչքները: Նաև, որոշումը կարող է կասեցվել, եթե նկատվեն «էներգակիրների մատակարարման անվտանգության, ֆինանսական կայունության, ԵՄ-ի տարածքում գազի պահանջարկի ավելացման ռիսկեր»։
Չնայած ձեռք բերված համաձայնությանը՝ ԵՄ մի շարք անդամներ ի սկզբանե դեմ էին արտահայտվում գազի առավելագույն գնի սահմանմանը՝ հաշվի առնելով ռուսական էներգակիրներից կախվածությունը:
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Բուդապեշտը ստիպված չի լինի խորհրդակցել Եվրահանձնաժողովի հետ, եթե ցանկանա փոփոխել գազային երկարաժամկետ պայմանագիրը Ռուսաստանի հետ:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ԵՄ որոշումը շուկայական գործընթացների նկատմամբ անընդունելի ոտնձգություն է որակել։ Նրա խոսքով՝ Մոսկվան կուսումնասիրի ստեղծված իրավիճակը և կներկայացնի իր դիրքորոշումը:
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ
Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան Պիեռը, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Մինսկ, հայտարարել է, որ Վաշինգտոնին մտահոգում է Ուկրաինայի շուրջ զարգացումներում Բելառուսի դերը: Նրա խոսքով՝ Բելառուսն աջակցել է Ռուսաստանին և թույլ տվել օգտագործել իր տարածքը ռուսական ուժերի տեղակայման համար։
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի դեմ, եթե Մինսկը ավելացնի աջակցությունը Ռուսաստանին։
Երեկ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է անցկացրել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Նախագահները պատրաստակամություն են հայտնել խորացնել Ռուսաստանի և Բելառուսի դաշնակցային հարաբերությունները, գործակցել էներգետիկ ոլորտում, շարունակել զորավարժությունները: Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Պուտինին Մինսկին «Իսկանդեր» և «С-400» համակարգեր տրամադրելու համար: Նա տեղեկացրել է, որ դրանք արդեն բերվել են մարտական պատրաստականության աստիճանի: Նախագահները նաև նշել են, որ արդյունավետորեն պայքարում են, նրանց խոսքով, ոչ բարեկամ երկրների պատժամիջոցների դեմ:
ԲԱՔՈՒՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԿԻԵՎԻՆ
Բաքուն Ուկրաինա է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը՝ հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան կստանա գեներատորային սարքավորումներ և առաջին բուժօգնության փաթեթներ՝ Խերսոնի հիվանդանոցներից մեկի համար։
Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հեռախոսազրույց էր ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանը էլեկտրատեխնիկա կտրամադրի Կիևին՝ ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար:
ԿԻԵՎՈՒՄ ՎԱՌԵԼ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ
Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ռուսական հարվածների հետևանքով Կիևի 50 %-ը էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ ունի: Քաղաքապետը նշել է, որ համապատասխան ծառայություններն աշխատում են էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Այս մասին Կլիչկոն հայտնել է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ: Տոնածառը զարդարված է էներգախնայող լույսերով, դրանք միացվում են օրվա ընթացքում մի քանի անգամ՝ հստակ ժամերի:
«Այս տարի շատ քննարկումներ եղան՝ տեղադրել տոնածառը, թե ոչ: Չնայած ապրում ենք ռազմական դրության, հրետակոծության և հոսանքազրկման պայմաններում, Սուրբ Ծնունդը պետք է գա, մեր երեխաները պետք է ուրախանան»,- ասել է Կլիչկոն։