Փոփոխություն դպրոցի տնօրենի հավաստագրման ընթացակարգերում. հանվել են հարցազրույցի փուլն ու պարտադիր վերապատրաստման պահանջը: Նախկին կարգավորումներով հավաստագրումն իրականացվում էր երկու փուլով՝ գրավոր՝ թեստային, այնուհետև՝ հարցազրույցի փուլ: 2023 թվականից հավաստագրումն իրականացվելու է միայն թեստավորման եղանակով:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Մենք ամբողջությամբ հրաժարվել ենք բանավոր փուլից, որովհետև կարծում ենք, որ սա չափից դուրս մեծ վարչարարություն է պահանջում, և մենք ստիպված էինք լինում օրեր շարունակ կազմակերպել բանավոր հարցազրույցի փուլեր հավաստագրի համար դիմած անձանց համար, և կարծում ենք, որ այդ գործընթացը շատ ավելի արդյունավետ և ճկուն կլինի, ինչպես նաև կբացառվի որևէ մարդկային գործոն, եթե մենք իրականացնենք միայն թեստավորման գործընթաց:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ հարցազրույցը հնարավորություն էր տալիս ճանաչել այդ մարդուն, լսել նրա բանավոր խոսքը, իսկ վերապատրաստման առումով իր առաջարկներն ունի:
Սերոբ Խաչատրյան (կրթության փորձագետ) - Ես կողմ եմ, որ հանվի այն վերապատրաստումը, որ այսօր կա, որովհետև այսօրվա վերապատրաստումը, ըստ էության, թեստերի անգիր անելու պրոցես է և միանշանակ անարդյունավետ է, բայց ես կողմնակից կլինեի, որ, այնուամենայնիվ, լիներ վերապատրաստում, բայց ոչ այն ձևով, ոնց հիմա է, այլ ավելի հետաքրքիր թեմաներ լինեին, որտեղ ոչ թե նստեն, Սահմանադրություն կամ «Կրթության մասին օրենք» անգիր անեն թեկնածուները, այլ իրոք գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերեն, որոնք իրենց պետք են գալիս:
Թեև վերապատրաստումը հանվել է, սակայն նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանում է՝ փոխվելու է նաև գրավոր թեստային հարցաշարը, իսկ առաջադրանքները լինելու են ոչ թե ընդհանուր իրավական դաշտից՝ Սահմանադրությունից և օրենքներից, այլ ներառելու են դպրոցների տնօրենների աշխատանքի համար անհրաժեշտ պրակտիկ հարցեր:
Ժաննա Անդրեասյան - Ամբողջությամբ վերանայվել է ծրագրային ապահովման համակարգը, այն անձինք, ովքեր կուզենան մասնակցել հավաստագրմանը, նրանք էլեկտրոնային եղանակով կդիմեն` հատուկ ծրագրի միջոցով, որտեղ կնշվի նրանց քննության օրը, և նախարարությունում կա տեխնիկապես հագեցված հնարավորություն, որպեսզի մենք նաև նույնիսկ օրական երկու անգամ կազմակերպենք հավաստագրման քննություն:
Հաջորդ տարի 114 տնօրենի լիազորության ժամկետն ավարտվում է, իսկ նոր տնօրենները արդեն նոր ընթացակարգով կնշանակվեն: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2023 թ. հունվարի 1-ից:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան: