Ատեստավորման նոր համակարգ՝ քրեակատարողական հիմնարկների ծառայողների համար: Օրենքի նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել, արդարադատության նախարարի խորհրդականն ասում է՝ ծրագրում են 23-ի առաջին եռամսյակում գործարկել նոր մեխանիզմն ու հնարավորություն տալ ՔԿՀ-ների աշխատակիցներին՝ աշխատավարձի բարձրացում ունենալ:
Արտյոմ Սուջյան (ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական) - Ատեստավորումը տվյալ դեպքում ենթադրելու է մի ընթացակարգ, որ գիտելիքների ստուգման ընթացակարգ է լինելու, որի արդյունքներով դրական միավորներ ստացած ծառայողները, այսինքն՝ այդ փուլը հաղթահարած մասնակիցները, հավելավճար ստանալու իրավունք են ձեռք բերելու, այսինքն՝ աշխատավարձի բարձրացում է լինելու:
Փոփոխությունը քրեակատարողականների և՛ գործող, և՛ ապագա ծառայակիցներին է վերաբերելու՝ նշում է պաշտոնյան: Ատեստավորման կարգը, դրա պահանջները, նաև հավելավճարի չափը կսահմանի Կառավարությունը: Օրենքի ուժի մեջ մտնելուց երեք տարվա ընթացքում կամավոր ատեստավորում կանցկացվի, ըստ Սուջյանի՝ չանցնելու դեպքում կրկնակի ատեստավորման հնարավորություն էլ կտրվի:
Արտյոմ Սուջյան - Տարեկան մինչև երեք անգամ կարողանալու են դիմել ատեստավորման համար՝ երեք տարվա ընթացքում:
Համակարգում այս պահին 1502 ծառայակից կա: Սուջյանն ասում է՝ ատեստավորումը նրանց կխրախուսի զարգացնել հմտությունները, կկանխի մասնագետների արտահոսքը և, իհարկե, ոլորտը գրավիչ կդարձնի նոր կադրերի համար:
ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
Նախագծով քրեակատարողական հիմնարկներում նաև անվտանգային կառավարման նոր ստորաբաժնում կձևավորվի՝ ներառելով արտաքին պահպանության ու անվտանգության ապահովման գործառույթները:
Արտյոմ Սուջյան - Տվյալ ստորաբաժանման ծառայողները նախատեսվում է, որ լինելու են հատուկ ուսուցում ու պատրաստություն անցած անձինք, նույն պարեկային ծառայության օրինակով, որ հստակ դասընթացներ անցած, համապատասխան ծրագրով պահանջված գիտելիքներ ձեռք բերած անձինք են աշխատանքի անցնելու, և նրանց վարձատրությունն էլ ավելի բարձր է լինելու, քան ներկա ծառայողներինը:
Ըստ նախարարի խորհրդականի՝ գործող աշխատակիցներն էլ կկարողանան ներգրավվել նոր ստորաբաժանման կազմում, դասընթացների, ապա քննության արդյունքում կմնան նրանցից լավագույնները: Բանտերի անվտանգությունն ու հսկողությունը նոր աշխատողներին վերապահելը, Սուջյանի խոսքով՝ կնպաստի նաև համակարգում առկա ու բոլորին հայտնի արատավոր երևույթների բացառմանը:
Արտյոմ Սուջյան - Խնդիրն այն է, որ պատիժը կրող անձանց հետ համագործակցող ծառայողներ ունենք... Էնպիսի երևույթ է, որ անհերքելի է ու օբյեկտիվ փաստ է, ու էդ խնդիրը լուծելուն ուղղված քայլեր են կատարվում:
Նոր ստորաբաժանման ներդրումը առաջինը կսկսեն Արմավիր քրեակատարողականից՝ հետագայում, հաջող փորձի դեպքում, տարածելով մյուս 9-ում: