Մոսկվայից Երևան աշխատելու տեղափոխված Ստանիսլավը մեր երկրի առավելություններն է թվարկում:
Ստանիսլավ Կանիև (աշխատանքային միգրանտ) - Շատ լավ է այստեղ` տաք է, համեղ, մարդիկ՝ հյուրընկալ:
Սեպտեմբերին է Հայաստան եկել, առաքման ծառայություններից մեկում աշխատանք գտել: Վաստակած գումարով արդեն սեփական սկուտերն է գնել:
Ստանիսլավ Կանիև - Այս գործով մոտավորապես միլիոն դրամ աշխատելն իրական է, ես մոտ 400 000 եմ վաստակում, որովհետև օրվա մեջ մի քանի ժամ եմ աշխատում:
Ստանիսլավի պես վերջին շրջանում Հայաստանում ավելի հաճախ կարելի է տեսնել տարբեր ոլորտներում աշխատող օտարերկրացիների: Նրանց մեծ մասը, միգրացիոն ծառայության տվյալով, ԵԱՏՄ երկրների քաղաքացիներ են, որոնք մեր երկրում աշխատանքի անցնելիս լրացուցիչ թույլտվական բնույթի փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չունեն:
Արմեն Ղազարյան (Միգրացիոն ծառայության պետ) - Տարվա մեկնարկից ի վեր մենք ստացել են շուրջ 6000-ի չափ դիմումներ, այդ հոսքը ակտիվացել է 2022-ի ապրիլից: Վերջին մի քանի ամսին կայուն աճ է նկատվում:
Միգրացիոն ծառայությունը հետազոտություն է իրականացրել. Ռուսաստանից աշխատանքային միգրանտների մոտ 70 տոկոսը բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է:
Արմեն Ղազարյան - Դա` զուտ, որ հասկանում ենք` անձը Հայաստանում աշխատում է, կա գործատու, տվյալ քաղաքացին էլեկտրոնային եղանակով անձը հաստատող փաստաթղթով դիմում է, ներկայացնում աշխատանքային պայմանագիրը և ստանում է օրինական բնակության իր փաստաթուղթը:
Առաջին անգամ չէ, բայց առաջին անգամ երկար ժամանակով է Հայաստանում: Յուրին հայկական ՏՏ ընկերությունում է աշխատանքի անցել, կացության իրավունք ստացել:
Յուրի Գրուզիև (աշխատանքային միգրանտ) - Նոյեմբերի վերջին եմ Հայաստան եկել: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Մի քանի փաստաթուղթ, և վերջ:
Էլմիրա Բաղդասարյան (Միգրացիոն ծառայության աշխատանքային միգրացիայի և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ) - Օրական միջինը 40-50 քարտ տրամադրվում է: Վերջերս ԵԱՏՄ քաղաքացիների, հատկապես` Ռուսաստանի քաղաքացիների աճը նկատելի է:
ԵԱՏՄ երկրներից հոսքին զուգահեռ ավելացել է նաև երրորդ երկրներից, հատկապես` հարևան Իրանից աշխատանքային միգրանտների թիվը:
Իրանից բացի` Հայաստան նաև Հնդկաստանից, Ֆիլիպիններից ու Ուկրաինայից է մեծ միգրանտների հոսքը: Այս տարվա հունվար-նոյեմբերին միգրացիոն ծառայությունը շուրջ 2200 դիմում է ստացել երրորդ երկրներից:
Ստացվում է` միայն այս տարի 8000-ից ավելի օտարերկրացի Հայաստանում աշխատանք է գտել, մինևնույն ժամանակ միասնական սոցիալական ծառայության տվյալով` երկրում շուրջ 3200 թափուր աշխատատեղ դեռ կա: