ՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆՆ ՈՒ ԲՈՐԵԼԸ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հորդանանում հանդիպել է ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Իրանի ավագ բանակցող և քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Ալի Բաղերին և ԵՄ արտաքին եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան։ Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման հիմնական նպատակն էր դիտարկել միջուկային ծրագրի ակտիվացման և պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցային գործընթացը, ինչպես նաև հստակեցնել արևմտյան որոշ պաշտոնյաների դիրքորոշումը Իրանում վերջին զարգացումների վերաբերյալ։
Հանդիպումն ամփոփել է նաև Ժոզեպ Բորելը, նշել` Իրան-ԵՄ հարաբերությունների վատթարացման ֆոնին շատ կարևոր քննարկումներ են անցկացրել:
«Համաձայնել ենք, որ հարկավոր է շարունակել շփումները և վերականգնել միջուկային գործարքը», - գրել է Բորելը Թվիթերի իր միկրոբլոգում:
ՇՎԵԴԻԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՉԻ ԱՐՏԱՀԱՆՁՆԻ ZAMAN-Ի ՆԱԽԿԻՆ ԽՄԲԱԳՐԻՆ
Շվեդիայի Գերագույն դատարանը Թուրքիային չի արտահանձնի թուրք լրագրող, ZAMAN թերթի նակին խմբագիր Բյուլենթ Քենեշին, ինչը Անկարայի առանցքային պահանջն է ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության մասին արձանագրությունը վավերացնելու համար:
Քենեշին Անկարան մեղադրում է 2016 թվականին Ռեջեփ Էրդողանի իշխանությունը տապալելու փորձի և Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենի շարժմանը անդամակցելու համար:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շվեդական դատարանը հայտարարել է, որ լրագրողի արտահանձնման համար «խոչընդոտներ կան»: Քենեշին թուրքական կողմի ներկայացրած որոշ մեղադրանքներ Շվեդիայում հանցագործություն չեն համարվում: Դատարանը անհնար է համարել արտահանձնումը՝ նաև հաշվի առնելով գործի քաղաքական բնույթը և լրագրողի փախստականի կարգավիճակը:
ՖՐԱՆՍԻԱՆ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱԿՐՈՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը պետք է բարձրացնի մարտունակությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ իրադարձությունները և համաշխարհային այլ մարտահրավերներ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան պետք է առաջ շարժվի, սթափ գնահատի առկա ռիսկերը, մնա անկախ և ուժեղ։ Մակրոնը հավելել է՝ նոր օրենք են մշակում, որը կընդլայնի երկրի զինված ուժերին աջակցության հնարավորությունը:
Նման հայտարարությամբ Ելիսեյան պալատի ղեկավարը հանդես է եկել Եգիպտոսի ափերի մոտ գտնվող Ֆրանսիայի միակ ավիակիր՝ «Շառլ դը Գոլ» այցի շրջանակում, որտեղ նա անձամբ շնորհավորել է ֆրանսիացի զինվորականներին գալիք Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԱԽՄՈՒՏ
Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Դոնեցկի Բախմուտ քաղաք։ Այս այցի մասին նախապես չի հայտարարվել՝ տեղեկացրել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։
«Արդեն 300 օր է՝ լայնածավալ պատերազմ է: Նախագահն այսօր պարգևատրել է մեր արևելյան բերդի՝ Բախմուտի պաշտպաններին։ Թշնամու հիմնական ուժերը հենց այնտեղ են կենտրոնացած»,- ընդգծել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Բախմուտն այժմ առանցքային ուղղություններից մեկն է, այնտեղ ընթանում են ամենաթեժ մարտերը:
Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինն էլ ընդգծել է՝ եթե քաղաքն անցնի ռուսական ուժերի վերահսկողության տակ, դա թույլ կտա վերահսկողություն հաստատել նաև տարածաշրջանի ամբողջ հյուսիսային հատվածի վրա։