Նորաձևությունն առաջ է անցնում տեխնոլոգիական ոլորտից: Ֆորբսի միլիարդատերերի վերջին ցանկում «Լուի Վիտոն» ընկերության նախագահ Բեռնար Առնոն շրջանցել է Իլոն Մասկին՝ զբաղեցնելով առաջին տեղը: Ֆրանսիացի գործարարի կարողությունը գնահատվում է ավելի քան 180 մլրդ դոլար, «Տեսլայի» հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը 163.5 մլրդ է, եռյակը 132.8 մլրդ-ով եզրափակում է հնդիկ գործարար Գաուտամ Ադանին, որը էներգետիկ և ենթակառուցվածքների ոլորտում է գործունեություն ծավալում:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Ոչ թե էստեղ տեխնոլոգիայի հետընթացի ու որոշակի ոլորտների առաջընթացի խնդիր է, այլ ավելի շատ մարդկանց բազային կարիքները սպասարկող ապրանքների ու ծառայությունների արտադրության պահանջարկի հարաբերական ավելացում է տեղի ունենում էս անորոշության պայմաններում: Միաժամանակ, տեխնոլոգիական ընկերությունների հետ որոշակի բացասական զարգացումներ են տեղի ունեցել տարվա ընթացքում:
Նարեկ Զաքարյան (ֆինանսիստ) - Այս փոփոխությունները պայմանավորված են ամերիկյան շուկայում՝ բաժնետոմսերի շուկայում, մեծ տատանումներով, էնպես էր ստացվել, որ 2008 թվականից հետո ԿԲ-ն շատ ցածր էր պահում տոկոսադրույքները, ինչը էժան փող էր լցնում շուկա, և, բնականաբար, մեծ բիզնեսները լուրջ դրամական ներհոսքեր էին ունենում, և մեծ բաժնետերերը կտրուկ եկամուտների աճ էին արձանագրում:
Իրենց դիրքը որոշակիորեն զիջել են նաև Ֆորբսի ցանկի երբեմնի առաջատարներ՝ «Ամազոնի» հիմնադիր Ջեֆ Բեզոսը և «Մայքրոսոֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսը: Ըստ մասնագետների՝ ամեն դեպքում, բարձրտեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող ոչ բոլոր ընկերություններն են մեծ անկում գրանցել:
Նարեկ Զաքարյան - Ինովացիոն սեկտորից «Տեսլա» ընկերության բաժնետոմսերը անկում ապրեցին մոտ 60-70 տոկոսով միայն 2022-ի ընթացքում: «Մայքրոսոֆթը» օրինակ՝ ավելի քիչ ունեցավ, որովհետև ավելի կայացած ընկերություն էր, «Մայքրոսոֆթի» բաժնետերերը ավելի փոքր անկում ունեցան: Իսկ ավելի ֆիքսված սեկտորները, ավելի կայացած սեկտորները, որտեղ չկան մեծ սպասումներ, օրինակ՝ ինչպիսին է նորաձևության ոլորտը, որտեղ բաժնետոմսերի գները արհեստական աճած չէին, որովհետև ներդրողները երբեք չեն ակնկալում մի տարում 60-70 տոկոս աճ, այնինչ, օրինակ, էլեկտրամոբիլների դեպքում, «Տեսլայի» դեպքում նման սպասելիքներ կային, էդ սպասելիքներն են հիմնական պատճառը էդ բարձր տատանողականության:
Մասնագետների գնահատմամբ՝ հնարավոր է՝ տեխնոլոգիական ոլորտի բաժնետոմսերի անկումը դեռ շարունակվի, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված՝ այն բավականին մեծ աճ էր գրանցել 2020-ից, և հիմա ճշգրտումներ են տեղի ունենում:
Նարեկ Կարապետյան - Անցյալ ժամանակահատվածը, դարաշրջանը, որը բնութագրվում էր ցածր ինֆլյացիայով, պետական բյուջեի զսպված և կանխատեսելի վարքագծով, միաժամանակ՝ գլոբալիզացման գործընթացներով, տեխնոլոգիաներում ագրեսիվ ներդրումներով, փոխարինվում է աստիճանաբար բարձր ինֆլյացիայով, պատերազմներով, հետգլոբալացման գործընթացով և պետական բյուջեի անկանխատեսելի գործընթացներով բնութագրվող դարաշրջան էր, և էդ պայմաններում, բնականաբար, էն ոլորտներն ու կազմակերպությունները, որոնք սպասարկում են մարդկանց առաջնային կարիքները, էդ պայմաններում իրենց ավելի լավ են զգալու:
Շվեյցարական UBS բանկի տվյալների համաձայն՝ այս տարվա մարտի դրությամբ աշխարհում եղել է 2668 միլիարդատեր՝ մեկ տարի առաջվա 2755-ի դիմաց, իսկ նրանց ընդհանուր կարողությունը 13,1 տրիլիոնից նվազել է մինչև 12,7 տրիլիոն դոլար։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան