Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ծրագրի շնորհիվ Հայաստանի մշակութային և ստեղծագործ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կստանան ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի եվրոպացի գործընկերների հետ: Կտրամադրվեն դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի և մի շարք այլ ոլորտներում:
Ծրագիրը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մի մասն է: Ծրագրին Արևելյան գործընկերության երկրներից մասնակցում են նաև Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան:
Նախատեսվում է անդամավճար, որը չափվում է բավականին բարդ ֆինանսական մեխանիզմով` ներառելով գործառնական հատկացում և մասնակցության վճար: Այս տարի Հայաստանը պետք է վճարի 54 հազար եվրոյի չափով անդամավճար:
Կգործի համապատասխան գրասենյակ, որն անհատ ստեղծագործողներին և մշակութային կազմակերպություններին կիրազեկի հնարավորությունների մասին, կզարգացնի նրանց կարողությունները լավագույն դրամաշնորհային հայտեր մշակելու և ներկայացնելու հարցում: