Եվրոպական եկեղեցիների համաժողովը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Եվրոպական Միության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջոզեֆ Բորելին ուղղված համատեղ նամակում դատապարտել են Ադրբեջանի կողմից էթնիկ հայկական Արցախ/Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանի շրջափակումը «որպես եռակողմ համաձայնագրի, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների իրավունքի, ինչպես նաև բարոյական ամենահիմնարար սկզբունքների խախտում»։ Այս մասին հայտնել են Եվրոպական եկեղեցիների համաժողովի մամուլի ծառայությունից:
Նամակում նշվում է, որ Լաչինի մարդասիրական միջանցքի արգելափակմանն ուղղված գործողություններով և տարածաշրջանի գազամատակարարման ժամանակավոր դադարեցմամբ Ադրբեջանը միտումնավոր արտակարգ հումանիտար իրավիճակ է ստեղծում 120000 հայերի համար:
«Դա հետևում է Ադրբեջանի վարքագծի հստակ մոդելին, որը հակասում է նրա կողմից բարի կամքի և մարդասիրական պատասխանատվության մասին ցանկացած հայտարարության»,- ասվում է նամակում:
Նամակում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի զինվորականների և անվտանգության ուժերի կողմից հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին վկայություններին: Նշվում է, որ Բաքուն իր նման գործելաոճի համար պատասխանատվության չի ենթարկվել:
«Այս պայմաններում չի կարելի հաշվի չառնել հայերի մտավախություններն իրենց դեմ ցեղասպանության վերսկսման վերաբերյալ, և Լեռնային Ղարաբաղի շրջափակմամբ այդ մտավախությունները զգալիորեն և հասկանալի պատճառներով խորանում են»,- ասված է նամակում:
Եվրամիությանը կոչ է արվում ձեռնարկել հնարավոր դիվանագիտական քայլերը, որ Ադրբեջանը վերաբացի Լաչինի միջանցքը և համապատասխան երաշխիքներ տրամադրի, որ այն բաց կմնա։ Նաև կոչ է արվում երկարաձգել ԵՄ մոնիթորինգային առաքելության մանդատը՝ դրանում ներառելով Լաչինի միջանցքը: