Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների «Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» սույն թվականի դեկտեմբերի 15-ին հրապարակված արտահերթ համատեղ զեկույցը, ինչպես նաև բովանդակային տեղեկատվություն առանձին խումբ անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատն ունեցող երկու տասնյակ միջազգային կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էյմոն Գիլմորին և այլոց։ Այդ մասին ասված է ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում:
«Ի թիվս այլնի, թեմատիկ հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին են ներկայացվել անձանց կյանքի, առողջության պահպանման, սննդի իրավունքների կոպիտ խախտումները և կոչ արվել ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները՝ Լաչինի միջանցքը վերաբացելու, Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար։
Հատկանշական է, որ միջազգային դերակատարների առանձնակի ուշադրությանն են ներկայացվել առավել խոցելի խմբերի խնդիրները, այդ թվում՝ տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ դեկտեմբերի 12-ից արդեն 9 օր շարունակ կատարյալ շրջափակման պայմաններում տեղի ունեցող իրադարձությունների հանգամանալից վերլուծության հիման վրա:
Պաշտպանի աշխատակազմը շարունակում է տեղեկատվություն ու փաստեր տրամադրել միջազգային կազմակերպություններին` Արցախում ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների տևական խախտումների և հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ։