Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, որին ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր: Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ:
Հանրապետական բժշկական կենտրոնում 9 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, բժիշկները կատարում են հնարավորը՝ հիվանդների վիճակը կայունացնելու համար:
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։