Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվել է «Քույր դպրոցներ» ծրագրի տարեկան եզրափակիչ համերգաշարի բացումը: Նախագծում ընդգրկված են Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաները:
Միջոցառմանը ներկա է եղել և երեխաներին շնորհավորել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Բացվել է նաև «Հայրենիք՝ Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ փոքրիկ արվեստագետները ներկայացրել են 70 աշխատանք:
«Քույր-դպրոցներ» ծրագիրը Երևանի քաղաքապետարանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությունն է, որը սկիզբ է առել 2019 թվականից: Ծրագրի նպատակը ոլորտի շարունակական զարգացումն է, համատեղ ստեղծագործական աշխատանքը, գործնական հմտությունների ձեռքբերումը, փորձի փոխանակումը: Երևանի և մարզերի 60 երաժշտական և արվեստի դպրոցների միջև ձևավորվել են ստեղծագործական նոր կապեր: Կազմակերպվել են համատեղ համերգային ծրագրեր, վարպետության դասեր, այցեր պատմամշակութային վայրեր ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: