ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, խոսելով այն մասին, թե ինչու ՀԱՊԿ-ը չի օգնում Հայաստանի տարածքների ապաօկուպացմանը, առաջարկել է մտածել հետևանքների մասին։
«Պետք է հասկանալ նման քայլերի հետևանքները՝ ընդհուպ մի քանի պետության մասնակցությամբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծումը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նա նշել է, որ առաջարկվող լուծումները համարժեք ու հավասարակշռված են, և համաձայն չէ այն կարծիքին, որ ՀԱՊԿ-ը փորձում է երես թեքել Հայաստանից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել էր, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանը երեք անգամ (2021 թ. մայիսի 11-ին և նոյեմբերի 14-ին և 2022 թ. սեպտեմբերի 13-ին) ենթարկվել է ադրբեջանական ագրեսիայի, օկուպացվել է Հայաստանի 140 քառ. կմ տարածքը:
Փաշինյանը հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրերը և Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ ընդգծելով, որ փաստաթուղթը բավականաչափ մշակված չէ։
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի կողմից իրավիճակի հստակ քաղաքական գնահատականի բացակայությունը կարող է նշանակել կազմակերպության հրաժարում դաշնակցային պարտավորություններից, իսկ Ադրբեջանն այն կմեկնաբանի որպես կանաչ լույս ՀԱՊԿ-ից՝ Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար:
2022 թվականին ՀԱՊԿ-ի գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպության գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև ռուս խաղաղապահների առաքելությանը Լեռնային Ղարաբաղում:
«Այն առաքելությունը, որը կատարում են ռուս խաղաղապահները Ղարաբաղում, շատ կարևոր է ամբողջ Կովկասյան տարածաշրջանի համար։ Այն դժվար է գերագնահատել, խաղաղապահներն այնտեղ շատ կարևոր խնդիր են լուծում։ Իհարկե մենք նշում ենք այն բարդ պայմանները, որոնցով պետք է լուծել այդ խնդիրները, և արձանագրում ենք իրավիճակի սրումը, որն այժմ տեղի է ունենում այնտեղ, այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակումը»,- ասել է Զասը։
Ինչ վերաբերում է խաղաղապահների գործունեությանը, Զասն այն համոզմանն է, որ բոլոր կողմերը պետք է օգնեն նրանց իրականացնելու իրենց առաքելությունը: