Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած նորընտիր դատավորներ
Սեդա Սաֆարյանի և
Հովակիմ Հովակիմյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:
Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնել պաշտոնաթող դատավորներ Աշոտ Խաչատրյանին և Արևիկ Պետրոսյանին իրենց պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար: Ներկայացնելով նորընտիր դատավորներին՝ Արման Դիլանյանը մաղթել է նրանց արդյունավետ պաշտոնավորում, ինչպես նաև հույս հայտնել, որ նրանք իրենց ամենօրյա գործունեությամբ կնպաստեն մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը: Իր ելույթում Սահմանադրական դատարանի նախագահն անդրադարձել է նաև դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին և այդ նպատակով իրականացվող ծրագրերին ու, որպես դրանց հաջողության գրավական՝ կարևորել թե՛ դատավորների, թե՛ աշխատակազմի գործուն մասնակցությունը նախանշված ծրագրերում:
Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներ Սեդա Սաֆարյանին և Հովակիմ Հովակիմյանին են հանձնվել Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ համազգեստները՝ պատմուճանները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի ձևաթղթերը: