Դեռևս ամիսներ առաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ահազանգեր էր ստանում, որ որոշ սպանդանոցների սեփականատերեր մորթ իրականացնելու փոխարեն իրականում զբաղված են միս-մսեղիքն ուղեկցող Ձև 5 անասնաբուժական վկայականի վաճառքով: Որ շուկայում չհայտնվի կեղծ փաստաթղթով վաճառվող ոչ սպանդանոցային միս, ՍԱՏՄ-ն սկսել է ակտիվ գործակցել ոստիկանության հետ:
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Բացի ռեյդեր իրականացնելուց խանութներում, ճանապարհներին, նաև ոստիկանության հետ քրեական հատվածի հետ ենք համագործակցում՝ տալով ինֆորմացիա, թե որտեղ ինչքան մորթ է իրականացվում:
Հենց այդ տեղեկատվության հիման վրա ոստիկանությունն արդեն իսկ հայտնաբերել է ավելի քան մեկ տասնյակ դեպք, երբ կենդանին մորթվել է բակում, սակայն վաճառակետ հասել սպանդանոցային մորթը հավաստող Ձև 5 փաստաթղթով:
Տարոն Սարգսյան (ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ֆինանսավարկային և սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ) - Մեր կողմից, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ քաղաքացին խոշոր և մանր եղջերավոր կենդանիների սպանդը իրականացրել է բակային պայմաններում, սակայն նշված քաղաքացու անունով որոշ առևտրային կազմակերպությունների կողմից տրամադրվել են տվյալ դեպքում Ձև 5 տեղեկանք:
Ըստ հայտնաբերված կեղծ փաստաթղթերի՝ պետական սուբսիդավորմամբ կառուցված որոշ սպանդանոցների տերեր գյուղացիների հետ բիզնես հարաբերություններ ստեղծելու փոխարեն 2021-ից զբաղված են եղել կեղծ փաստաթղթեր վաճառելով: Ոստիկանությունն արդեն 15 նման դեպք է հայտնաբերել: Մատակարարվող և իրացվող միսը պետք է միանաշանակ լինի սպանդանոցային ծագման՝ սպանդանոցների տերերին հորդորում են ՍԱՏՄ-ից: Միայն այս տարի խստացված ստուգումների արդյունքում 14.5 հազար կիլոգրամ մսի վաճառք է կասեցվել:
Գեորգի Ավետիսյան - Ինչ վերաբերում է նոր տարվա եռուզեռին, ևս մեկ անգամ պետք է կոչ անենք մեր քաղաքացիներին փողոցից չգնել որևէ սննմդամթերք, մանավանդ կենդանական ծագման մթերքներ:
Ամանորին ընդառաջ ՍԱՏՄ տեսուչները շարունակելու են վերահսկողություն իրականացնել հանրապետության բոլոր մայրուղիներում, ինչպես նաև իրացման ցանցում՝ ստուգելու մատակարարվող և վաճառվող կենդանական ծագման մթերքի և հումքի սպանդանոցային լինելու փաստը, միս-մսեղիքն ուղեկցող Ձև 5 անասնաբուժական վկայականի առկայությունը և իսկությունը, ինչպես նաև մեքենաների և իրացման կետի տարածքի սանիտարահիգիենիկ պայմանները: