Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտված աշխարհի առաջնությունում երկու բրոնզե մեդալ է նվաճել։ Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ):
Մրցումային վերջին օրը պայքարի դուրս եկած 23-ամյա Վարազդատ Լալայանը երկամարտի 461 կգ (215+246) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։ Նա նաև 1 փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ հաջող կատարելով բոլոր 3 մոտեցումները՝ վերջնարդյունքում գլխավերևում պահելով 215 կգ կշռող ծանրաձողը։
Լալայանը երկամարտում 1 կգ-ով է զիջել արծաթե մեդալը նվաճած Գոռ Մինասյանին, որը ներկայացրել է Բահրեյնը։ Հայաստանի հավաքականի նախկին անդամը երկամարտի 462 կգ (212+250) արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը և կարիերայում երրորդ անգամ հռչակվել աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Գերծանր քաշայինների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 466 կգ (215+251) արդյունքով։
Միջազգային մրցումներում գերծանր քաշային կարգում իր նորամուտն է նշել նաև օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը՝ 425 կգ (190+235)։
Այս քաշային կարգի ծանրորդների պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Հիշեցնենք՝ Սամվել Գասպարյանը (102 կգ) հանդես գալով A խմբում՝ երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով երրորդ տեղն էր զբաղեցրել՝ իր առաջին մեդալը նվաճելով մեծահասակների աշխարհի առաջնություններում։ Պոկում վարժությունում ևս Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել՝ գլխավերևում պահելով 175 կգ ծանրաձողը։
Հայաստանն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 մարզիկով։ Այն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար: