Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախորդ շաբաթվա ավարտին այցով Հայաստանի առողջարանային քաղաքում՝ Ջերմուկում էր:
Ջերմուկի պատկերասրահի դռներն արդեն մի քանի ամիս է՝ փակ են. սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո ցուցանմուշները ԿԳՄՍ նախարարությունը Երևան է տեղափոխել: Հիմա պատկերասրահում միայն նկարիչ-տնօրեն Վարդան Ավետյանի գործերն են:
Ավետյանը հիմա էքսպոնատները վերադարձնելու հարցն է քննարկում նախարարության հետ. Սարյանի, Կոջոյանի աշխատանքներ ունեին: Քանի որ ամանորի օրերին արդեն ազատ հյուրանոց չկա Ջերմուկում, վարչապետի տիկինն առաջարկեց բանակցել և մինչև տոները վերաբացել պատկերասրահը:
Աննա Հակոբյանի հաջորդ կանգառը Ջերմուկի համայնքային կենտրոնում էր: Այստեղ ջերմուկցի կանայք, որոնք ազատ ժամանակ ունեն, նոր զբաղմունք ու եկամտի աղբյուր են գտել՝ կարում, գործում ու նկարում են կաշվի, կտորի, ճենապակու վրա, գործում են գլխարկներ ու տիկնիկներ:
Հիմա վաճառքը օնլայն հարթակում են փորձում կազմակերպել ու զարգացնել: Վարչապետի տիկինն առաջարկեց մի քանի հյուրանոցներում ևս սեղանիկ ունենալ, տոներին հյուրի պակաս Ջերմուկը չի ունենա՝ մարզպետն է վստահեցրել: Մյուս խմբակը կենտրոնի կանայք հղիների խումբ են անվանում: Կարող ու գործող խմբի կեսից ավելին երեխայի են սպասում:
Որ 2 կարի մեքենա ունենան, գործը շատ կթեթևանա, ավելի շատ կկարեն, ու եկամուտն էլ կմեծանա՝ անկեղծացան կանայք: Մեքենաների մոդելն ու անհրաժեշտ այլ պարագաների ցուցակ տվեք՝ խոստացավ աջակցել Աննա Հակոբյանը: Շրջայցից հետո կանանց հետ մտերմիկ զրույց սկսվեց: Վարչապետի տիկինը վստահ է՝ մարդիկ հետ կգան, երբ տեսնեն, որ Հայաստանը գրավիչ է:
Աննա Հակոբյան (ՀՀ վարչապետի տիկին) - Իրանք էնտեղ ապրելով՝ ամբողջ օրը Հայաստանին են նայում, բայց դա հայրենասիրությունից չի, դա նրանից ա, որ իրենք էնտեղ իրենց չեն գտնում, որովհետև դա իրենցը չի, իրենք էնտեղ կենցաղային կարիքներ են հոգում, բայց քանի որ դա իրենցը չի, իրենց ձգում ա, քանի դեռ մենք, ստեղ մնացած ուժեղներով և էդ արժեքը իսկապես գնահատածներով ինչ գնով էլ լինի, մեր զրկանքներով, մեր աշխատանքով մեր երկիրը գրավիչ չդարձնենք:
Համայնքային կենտրոնից Աննա Հակոբյանը ուղևորվեց երկկողմանի ծնողազուրկ քույրերի՝ Վարդուհու և Անիի տուն:
8 և 11 տարեկան աղջիկներին տատիկը՝ տիկին Վարդիթերն է խնամում: Անին պարի է գնում, Վարդուհին՝ կիթառի, երգի ու պարի, դպրոցում երկուսն էլ գերազանցիկ են՝ հպարտանում է տատիկը: Փոքր հասակից Վարդուհին շաքարային դիաբետ ունի: Դեղեր պետությունից ստանում են, միայն տեսողությունը բուժող մեկ դեղ կա, որն արտասահմանից մի բարերար է ուղարկում՝ շարունակեց տիկին Վարդիթերը: Թոռներին երկուսի ստացած նպաստով է պահում, միակ ցանկությունը առողջությունն է: Այցի պահին քույրերը տոնածառն էին պատրաստվում զարդարել, Անիին ու Վարդուհուն միացավ նաև Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկինը առողջություն մաղթեց ընտանիքին ու նրանց Երևան հրավիրեց: