Նոյեմբերին Հայաստանում ստորագրման նախատեսված փաստաթուղթը ենթադրում էր նաև ռազմատեխնիկական աջակցություն Հայաստանին՝ Մոսկվայում ամփոփիչ ասուլիսի ժամանակ, հիշատակելով սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանային մարտերը՝ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` հավելելով` մանրամասներ չի կարող բացահայտել, քանի որ առաջարկվող նախագիծը գաղտնիության որոշակի բաղադրիչ ունի:
Ստանիսլավ Զաս (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար) - Ցուցակ, իհարկե, չկար, թեև հայկական կողմը ՀԱՊԿ-ին տվյալներ էր փոխանցել սպառազինության և ռազմական տեխնիկայի առաջնահերթ կարիքների մասին։ Իսկ տրամադրման պայմանները տարբեր էին՝ ինչ-որ բան` որպես օգնություն, ինչ-որ բան` ներքին գներով: Սակայն դա չի նշանակում, որ փաստաթղթի ստորագրման հաջորդ օրն ինքնաթիռներ կժամանեին` Հայաստանի համար անհրաժեշտ ամեն ինչով։ Բայց դա հնարավորություն կտար ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարություններին` այդ ցանկի հիման վրա աշխատել և իրականացնել ռազմատեխնիկական օգնություն, եթե անդամ երկրների ղեկավարներն անհրաժեշտ համարեին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հույս ունի, որ կընդունվի Հայաստանին օգնություն տրամադրելու լրամշակված նախագիծը. նոյեմբերին մեր երկրում կայացած նիստին Երևանը հրաժարվեց ստորագրել հայտարարությունը` նշելով՝ կառույցը ադրբեջանական ագրեսիային քաղաքական գնահատական չի տվել, իսկ առանց դրա ՀԱՊԿ օգնություն ընդունելը, վարչապետի համոզմամբ, հայկական կողմի համար կնշանակեր ընդունել սահմանային ստատուս քվոն:
Ստանիսլավ Զաս - Ակնկալում եմ, որ համապատասխան լրամշակումից հետո հնարավոր կլինի շատ կարևոր, փոխլրացնող, փաթեթային երկու փաստաթղթեր ընդունել: Խոսքը Հայաստանի Հանրապետությանն օգնության տրամադրման և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հայտարարության մասին է՝ հաջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի:
Զասը հիշատակեց Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հարցադրումը՝ ինչո՞ւ ՀԱՊԿ անդամ պետությունները չեկան և չօգնեցին ապաօկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքը: Ըստ Զասի՝ պետք է հասկանալ նման քայլերի հնարավոր հետևանքները՝ ընդհուպ տարածաշրջանային պատերազմի սանձազերծում:
Ստանիսլավ Զաս - Կարծում եմ՝ այն լուծումները, որոնք առաջարկվել են պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ մոնիթորինգային առաքելության արդյունքներով, շատ ադեկվատ և հավասարակշռված էին։ Դրա համար` ոչ, համաձայն չեմ, որ ՀԱՊԿ-ը փորձում է երես թեքել Հայաստանի խնդիրներից:
ԶԱՍԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ ՀԱՊԿ ԱՐՁԱԳԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Ամեն դեպքում, Զասը բարձր է գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսված թեժ մարտերին, քանի որ ՀԱՊԿ անդամ պետության ղեկավարներն առցանց ձևաչափով օպերատիվ հավաքվել են և Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողով անցկացրել ու քննարկել իրավիճակը:
Ստանիսլավ Զաս - Անմիջապես որոշվել է Հայաստանում մոնիտորինգային առաքելություն իրականացնել։ Բառացիորեն մեկ օր անց արդեն Երևան վայրէջք կատարեց մոնիթորինգային առաքելության առաջին խմբի ինքնաթիռը։ Եվ հետագա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք կարող ենք աշխատել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, արագ և արդյունավետ գործել:
Առաջնահերթը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծում գտնելն է, ընդգծեց Զասը, վստահեցրեց՝ ՀԱՊԿ-ը մտադրություն չունի Հայաստանից հեռանալ: Նա համոզված է, որ կառույցի այս տարի անցկացրած միջոցառումներն այդ մասին են վկայում:
Ստանիսլավ Զաս - Պետությունների ղեկավարները երեք անգամ քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, սահմանի կրիտիկական կետեր ուղարկվել է ՀԱՊԿ համապատասխան առաքելություն, պատրաստվել է համապատասխան որոշում և առաջարկվել է համաձայնեցված միջոցառումների փաթեթ ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, ուստի ՀԱՊԿ-ի կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն այս իրավիճակում կատարվել են:
ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելությունը Հայաստան եկավ սեպտեմբերի 15-ի երեկոյան, աշխատեց մինչև սեպտեմբերի 25-ը:
ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏԸ. ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Չշրջանցվեց նաև Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ ադրբեջանական սադրանքների հարցը: Զասը շեշտեց՝ Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունը շատ կարևոր է տարածաշրջանի համար, և բոլոր կողմերը պետք է շահագրգռված լինեն խաղաղապահ զորակազմի գործունեությամբ:
Ստանիսլավ Զաս - Իհարկե, պետք է նշել դժվար պայմանները, հատկապես հիմա, երբ տեղի է ունեցել իրավիճակի սրում, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շրջափակում։ Իհարկե, մեր կարծիքով, անհրաժեշտ է ազատություն տալ տեղաշարժվող մարդկանց և հումանիտար բեռներին։ Զրկանքները հասարակ մարդկանց համար անթույլատրելի են։ Անթույլատրելի է հումանիտար աղետը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց նաև ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ: Նա չթաքցրեց, որ այս հարցը որոշակի զգուշավորություն և մտավախություններ է առաջացնում անդամ որոշ պետությունների մոտ։
Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 2023 թվականին կփոխարինի Ղազախստանի ներկայացուցիչը:
Հեղինակ` Անի Օհանյան