ԿԻԵՎԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեկ հայտարարել է, որ Կիևը ծրագրում է խաղաղության գագաթնաժողով անցկացնել՝ միջազգային գործընկերների հետ քննարկելու գլոբալ անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման հարցը։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ խաղաղության բանաձևն առաջարկում է ուղեցույցներ նոր գլոբալ անվտանգության ճարտարապետության ստեղծման համար, որի օգնությամբ հնարավոր կդառնա վերականգնել Ուկրաինայի ազատությունը և կերաշխավորի անվտանգություն մյուս երկրների համար: Զելենսկին կրկնել է Կիևին ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերով զինելու իր կոչը՝ հավելելով, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի մոտենալ հակամարտության ավարտին։
ԿԻԵՎՈՒՄ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
Կիևում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վնասվել են կարևոր ենթակառուցվածքներ՝ հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Մարզային ռազմական վարչակազմից նույնպես հաստատել են, որ պայթյունների հետևանքով վնասվել են շրջանային կարևոր ենթակառուցվածքներ։ Կիևում հոսանքազրկումները շարունակվում են:
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԵՄ Է ՌԴ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀՐԱԴԱԴԱՐԻՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը դեմ է արտահայտվել Ուկրաինայում Ռուսաստանի պայմաններով հրադադարի հաստատմանը: Աննալենա Բերբոկի կարծիքով՝ նման սցենարն ավելի լավ չի դարձնի Ուկրաինայի ժողովրդի կյանքը։ Գերմանիայի գլխավոր դիվանագետը նաև շեշտել է, որ հույս չունի, թե հրադադարը շուտ կհաստատվի։ «Ռուսաստանի նախագահը պետք է իր զորքերին հրամայի հեռանալ: Սակայն, ցավոք, նման նախանշաններ չկան»,- եզրափակել է Բերբոկը։
ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Լրատվամիջոցները հայտնում են, որ Բրյուսելում տեղի է ունեցել Հունաստանի վարչապետի դիվանագիտական գրասենյակի տնօրեն Աննա-Մարիա Բուրայի և Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի գաղտնի հանդիպումը: Կողմերը հանդիպել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական հարցերով խորհրդականի ներկայությամբ: Ըստ լրատվամիջոցների՝ բանակցություններն անցկացվել են բաց օրակարգով և առանց որևէ նախապայմանի, որպեսզի կողմերը քննարկեն հարաբերություններում լարվածության թուլացման հնարավորությունները:
ԱԷՄԳ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՄԵԿՆԵԼ Է ԹԵՀՐԱՆ
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության փորձագետների խումբը մեկնել է Թեհրան՝ իրանական երեք օբյեկտում հարստացված ուրանի մասնիկների ծագման հետաքննության շրջանակում: Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավարը օրեր առաջ հայտարարել էր, որ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներն այցելելու են Թեհրան առաջիկա օրերին։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նոյեմբերի 10-ին հայտարարել էր, որ Վիեննայում իրանական կողմի հետ բանակցություններն ավարտվել են առանց որևէ արդյունքի։