Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունը, որը մեկնարկել է այս տարվա հոկտեմբեր ամսին, ավարտում է իր մանդատը։ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելն այս առթիվ հայտարարել է, որ 40 եվրոպացի փորձագետների տեղակայումը արդյունավետ է եղել և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ձևավորմանը:
«Եվրամիությունն այսօր Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար»,- նշել է Բորելը։
ԵՄ Խորհրդի մամլո ծառայության հաղորդագրության մեջ նշվում է.
«Եվրոպական խորհուրդը, Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված, որոշել է Վրաստանում գործող ԵՄ մոնիթորինգային առաքելությունից անցումային աջակցող խումբ ուղարկել Հայաստան` ապահովելու ԵՄ-ի իրազեկվածությունը անվտանգային իրավիճակի վերաբերյալ և ծրագրելու ու նախապատրաստելու քաղաքացիական հնարավոր առաքելության հաստատումը երկրում։
Ակնկալվում է, որ այս անցումային, պլանավորմանն աջակցող խումբը կնպաստի Շառլ Միշելի միջնորդական գործունեությանը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։