Այսօր ԵՊՀ գիտական խորհուրդը որոշեց հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել ռադիոֆիզիկայի ու ֆիզիկայի ֆակուլտետների միավորման ու դրա արդյունքում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ նախագիծը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Ըստ ներկայացված նախագծի՝ ստեղծվող ինստիտուտում գործելու է գիտահետազոտական մեկ ինստիտուտ, իսկ կրթական ծրագրերն ամբողջությամբ վերանայվելու են՝ դրանք դարձնելով առավել արդիական, ճկուն և ներկայիս ու ապագա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ լուծումներ առաջարկող:
«Ֆակուլտետները միավորելու ու նոր ստորաբաժանում ստեղծելու որոշումը երկարատև քննարկումների ու բազմապիսի վերլուծությունների արդյունք է: Երկու ֆակուլտետներում այժմ գործող կրթական 8 ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց միջև առկա են հստակ կապ ու համագործակցային լայն հնարավորություններ, սակայն միասնական հարթակի բացակայության պատճառով դրանք բավարար կերպով չեն օգտագործվում:
Վերակազմակերպման արդյունքում մենք ակնկալում ենք ունենալ այդ հարթակը և նպաստել, որ այս ոլորտում բազմաթիվ տարիների ընթացքում գեներացված գիտական միտքը, հետազոտական ավանդույթներն ու մշակույթը ներառվեն կրթական ծրագրերում՝ հենց լսարանում հասանելի դառնալով ուսանողներին և խթանելով նրանց ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներին։
Մեր համոզմամբ՝ կրթական ծրագրերը պետք է լինեն ճկուն և ուսանողակենտրոն, ուստի կրթական նոր ծրագրերի առարկայացանկը պետք է համապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին, իսկ դասընթացների կրեդիտները ճանաչելի լինեն արտասահմանյան բուհերի կողմից՝ հնարավորություն տալով ուսանողներին մասնակցելու շարժունության տարբեր ծրագրերի՝ առանց արհեստական խոչընդոտների:
Նախատեսվում է, որ նոր ստորաբաժանման առաջին և երկրորդ կուրսերի կրթական նոր ծրագրերում կներառվեն առավել նույնական առարկաներ՝ թույլ տալով ուսանողներին բարձր կուրսերում իրենց հետաքրքրությունների շրջանակում ընտրելու մասնագիտացում:
Ուսուցման այս մոդելով հնարավորություն կտրվի պահպանելու մասնագիտացումներ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն մեր երկրի համար, սակայն ոչ բավարար հետաքրքրություն դիմորդների շրջանում:
Բացի դրանից՝ նախատեսվող փոփոխություններով մենք կկարողանանք առավել արդյունավետ օգտագործել ֆիզիկական տարածքը՝ ստեղծելով գիտահետազոտական նոր լաբորատորիաներ ու կենտրոններ:
Հատկանշական է, որ որդեգրած այս փիլիսոփայությունը կարող է ֆակուլտետի ու մասնագիտության ընտրության հարցում որոշիչ դեր խաղալ դիմորդների համար և դառնալ առավելություն ՀՀ-ում գործող կրթական մյուս ծրագրերի նկատմամբ»,- գրել է ԵՊՀ ռեկտորը: