ԵՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՇՈՒԿԱՆԵՐԻ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ. ՌԴ ԱԳՆ
Եվրամիությունը կարող է եվրոպական շուկա արտահանվող ռուսական գազի առավելագույն գին սահմանելու մասին որոշում կայացնել՝ ԵՄ անդամ պետությունների էներգետիկայի նախարարների՝ Բրյուսելում անցկացվող հանդիպումից առաջ հայտարարել է դաշինքի էներգետիկ հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը։ Բնական գազի գնի սահմանափակումների շուրջ համաձայնություն ձեռք բերելու Եվրամիության էներգետիկայի նախարարների ջանքերը ձախողվեցին անցյալ շաբաթ ավելի քան 6 ժամ տևած բանակցություններից հետո:
Գազի գնի վերին շեմի սահմանման շուրջ Եվրամիության նախաձեռնությունը հակասում է շուկաների օրենքներին՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրի Սենտյուրինը: «Այս ամենը հանգեցնում է այնպիսի տհաճ հետևանքի, ինչպիսին շուկաների դեգրադացումն Է»,- ասել է դիվանագետը: Սենտյուրինի խոսքով՝ նման նախաձեռնությունները ապակայունացնում են շուկաները, բարձրացնում անորոշության մակարդակը։
ԵՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ ՊԱՏՆԵՇՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԿՈՉ
Եվրոպական խորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կոչ է արել պատնեշներ կառուցել Եվրամիության սահմաններին միգրացիոն ճգնաժամի վտանգի պատճառով:
Նրա խոսքով՝ միգրացիոն ճգնաժամն անխուսափելի է, եթե միության երկրները չուժեղացնեն վերահսկողությունն արտաքին սահմաններում՝ ծովում ու ցամաքում։ Վեբերն ընդգծել է, որ անհրաժեշտ է արգելքներ տեղադրել հատկապես ԵՄ-ի հարավ-արևելքում՝ «միգրանտների թիվը վերահսկելու համար»։ Ավելի վաղ Լեհաստանի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավարն էր հայտարարել, որ իրենք արդեն սկսել են երեք շարք փշալարերից բաղկացած «պարիսպ» կառուցել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին։
ՌԴ-Ի ՀԵՏ ԻՐԱՆԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԴԵՄ ՉԷ. ՔԱՆԱՆԻ
Արձագանքելով Իրանի ու Ռուսաստանի համագործակցության և Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ հակաիրանական հայտարարություններին՝ Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ դրանք անհիմն են և քարոզչական պատերազմի մաս են կազմում: Նասեր Քանանիի խոսքով՝ ամերիկացի պաշտոնյաները շարունակում են հակաիրանական գործողությունները և կասկածի տակ դնում պաշտպանական և ռազմական ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը: Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսում այսօր տեղի է ունեցել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հյուսիսային Կիպրոսի իշխող կուսակցությունների ղեկավար անդամների հանդիպումը։
Կուսակցական պատվիրակությունների անդամներին ընդունել է Հյուսիսային Կիպրոսի նախագահը: Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչումը կարող է վճռորոշ քայլ հանդիսանալ։