Բենզինի գինը վերջին օրերին մոտ 20 տոկոսով նվազել է: Եթե շաբաթներ առաջ պրեմիում տեսակի բենզինի 1 լիտրն արժեր 500 դրամ, իսկ ռեգուլյարը՝ 480, ապա այժմ դրանք 80 դրամով էժանացել են: Տնտեսագետները 2 պատճառ են նշում: Առաջինը՝ նավթի համաշխարհային գների որոշակի նվազումն է:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ) - Եթե նավթի գինը էականորեն նվազում է, սա պետք է անդրադառնա նաև բենզինի գնի վրա, ինչը նկատվում է նաև ռուսական շուկայում, այսինքն՝ սա արձագանք է նավթամթերքների շուկայում տեղի ունեցող զարգացումներին:
Երկրորդ գործոնը դոլարի նկատմամբ դրամի արժևորումն է, որն արդեն մի քանի ամիս է՝ պահպանվում է, իսկ թե ինչու է արձագանքը միայն ամիսներ անց լինում՝ մասնագետներն են բացատրում:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Սովորաբար արտաքին աշխարհի գների բարձրացմանը վաճառողները, ներմուծողները արագ են արձագանքում, և էդ արագ արձագանքման արդյունքում միանգամից գինը բարձրացնում են: Հակառակ տենդենցին միշտ ավելի զգուշավոր են մոտենում բիզնեսմենները, սպասում են համոզվեն, որ իրավիճակը կայունացել ա, և էս նոր բիզնես պայմանները երկարաժամկետ են, այլ ոչ թե կարճաժամկետ, և դրանից հետո նոր միայն համապատասխան քայլեր են անում սակագների նվազման ուղղությամբ:
Գների իջեցումն ուշացնելու այլ բացատրություն ևս կա: Կարեն Սարգսյանը շեշտում է, որ այստեղ մեծ դեր է խաղում, թե երբ են ներմուծել:
Կարեն Սարգսյան - Եթե ապրանքը ներմուծվում է ինչ-որ իքս գնով և որոշակի փոփոխությունների, ասենք, չի ենթարկվում, ապա իքս գնով ինքը վաճառվում է մինչև այդ ապրանքի վերջնական խմբաքանակի ավարտը, հետևաբար հետագա նոր խմբաքանակը, որը ավելի էժան է ձեռք բերում, շուկա կմտնի ավելի էժան գնով:
Հայկ Բեջանյանի դիտարկմամբ՝ այս միտումը կարող է պահպանվել, և, ըստ նրա՝ ողջամիտ սպասում է ձևավորվել, որ առաջիկայում դարձյալ գնանկում կլինի, եթե իհարկե գնաճային բարձր միջավայրը չազդի:
Հայկ Բեջանյան - Ըստ էության, մի կողմից էդ համաշխարհային գների ավելի բարձր մակարդակը, մյուս կողմից՝ փոխարժեքի ցածր մակարդակը թույլ ա տալիս եզրակացնել, որ էդ փոփոխությունը գնի նվազման ըստ էության 10-ից մինչև 20 տոկոսի միջակայքում լինի:
Մասնագետները հիշեցնում են՝ վառելիքի բարձր գինն ազդում է նաև այլ ապրանքների գների վրա, հետևաբար այս գնանկումը թույլ է տալիս սպասել գնաճի մակարդակի որոշակի նվազման:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան