Արցախի ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը՝ համատեղ Ստեփանակերտի արտակարգ իրավիճակների քաղաքային բաժնի և ոստիկանության ծառայողների, հանրախանութներում և կրպակներում իրականացրել են ակնադիտական զննություններ, կապված ամանորյա պայթուցիկ առարկաների և ճայթուկների հետ:
Ակնադիտական զննությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք տնտեսվարողներ զբաղվել են անօրեն վաճառքով և չունեն համապատասխան լիցենզիա: Վերջիններս տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Լիցենզիա ունեցող 3 կազմակերպություն դադարեցրել է ամանորյա ճայթուկների և պայթուցիկ նյութերի վաճառքը:
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի կարգադրությամբ՝ ստուգումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին:
Նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ աղետալի հետևանքներից խուսափելու և ստեղծված իրավիճակում վախի մթնոլորտ չստեղծելու, ավելորդ խուճապ չտարածելու համար՝ չվաճառել և կամ պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք: