Դեկտեմբերի 9-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի անտառտնտեսությունից ոստիկանության Աշտարակի բաժին անտառախախտման արձանագրություն էր ստացվել։
Նոյեմբերի 30-ին Բյուրականի անտառպետության աշխատակիցը նշված անտառպետության 2-րդ պահաբաժնում հայտնաբերել էր ապօրինի հատված տարբեր տրամաչափի 50 կաղնի։
Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել էին Բյուրական գյուղում բնակվող 33, 40 և 59 տարեկան երեք տղամարդիկ։ Նրանք բաժնում հայտնել են, որ փայտանյութը բենզասղոցով իրենք են հատել՝ որպես վառելափայտ օգտագործելու նպատակով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդիկ և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։