Արբանյակային տեխնոլոգիան հնարավորություն է ստեղծում մշակութային ժառանգության ոչնչացումը փաստագրելու համար: Հիմա, երբ ԱՄՆ կառավարությունը գաղտնազերծել է սառը պատերազմի արբանյակային պատկերները, դրանք, նորերի հետ համադրելով, հուշարձանների վերացումը դառնում է ակնհայտ: Նյու Յորքի Քորնուելի համալսարանի ասոցացված պրոֆեսոր Լորի Խաչատուրյանը գործընկերների հետ ստեղծած CHW հետազոտական նախաձեռնությամբ հենց այդ գործունեությամբ է զբաղվում 2020 թվականից՝ կենտրոնանալով Ադրբեջանի վերահսկողության տարածքի հայկական մշակութային ժառանգության վրա: Պատրաստել են 430 էջանոց զեկույց:
Լորի Խաչատուրյան (Նյու Յորքի Քորնուելի համալսարանի ասոցացված պրոֆեսոր, CHW նախաձեռնության համահիմնադիր) - Սեպտեմբերին ավարտեցինք Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ հետաքննությունը: Կարողացանք գնահատել 110 օբյեկտների վիճակը, փաստագրեցինք, որ 1997-2021 թթ. ամբողջությամբ ոչնչացվել է 108 հուշարձան: 98 տոկոսը այն ամենի, ինչը մենք կարողացել ենք տեղորոշել և գնահատել:
Լորի Խաչատուրյանը սա անվանում է համակարգված, պետության կողմից հովանավորվող արշավ՝ Նախիջևանից վերացնելու հայկական և քրիստոնեական բոլոր հետքերը, հետևաբար հենց հայերին հեռացնելու այդ տարածաշրջանի պատմությունից:
Արբանյակային աղբյուրների միջոցով CHW-ն մշակութային ժառանգության ոչնչացում է արձանագրել նաև Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:
Ավերված հուշարձաններից ամենակարևորները երկու պատմական գերեզմանատներն են Սղնախում և Մեծ Թաղերում: Հենց այս ամառ մենք փաստագրեցինք 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցու ավերումը՝ շրջակա գյուղի հետ միասին: Ընդհանուր առմամբ, CHW-ն արձանագրել է ոչնչացված 6, վնասված 7 մշակութային ժառանգության օբյեկտ: Եվս 17-ը համարվում են վտանգված:
Ամերիկյան գիտնականները ուսումնասիրում են նաև, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել իսլամական ու ադրբեջանական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում 30 տարվա հայկակական տիրապետության ընթացքում: Այդ հետազոտությունը դեռ ավարտված չէ:
CHW-ն իր զեկույցներն ուղարկում է Հայաստանում և Ադրբեջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովներին և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին, նաև ԱՄՆ պետդեպարտամենտին և այն փաստաբաններին, որոնք ներգրավված են Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը կարծում է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը պետք է փոփոխվի, ու մշակութային ժառանգությունը ոչնչացնողների համար նաև պատասխանատվության մեխանիզմներ սահմանվեն: Կիրառվեն պատժամիջոցներ այնպես, ինչպես միջազգային հանրությունը վարվում է պետությունների ագրեսիայի դեպքում:
Հարություն Մարության (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն) - Լավ, իսկ ինչ անել, ա՛յ դա ամենաբարդ խնդիրն է, ինչ-որ քայլեր, այնուամենայնիվ, պետք է ձեռնարկել: Իրավական հարթությունում մենք միշտ դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը թույլ չի տալիս, որ ինքը, ինչ-որ մոնիթորինգի գործողություններից և հաշվետվություններ ներկայացնելուց զատ, բանաձևերից զատ ինչ-որ բան անի:
Արտաքին գործերի նախարարի տեղակալը պատասխանատվության առնչությամբ հիշեցնում է Միջազգային արդարադատության դատարանի որոշումը:
Վահե Գևորգյան (ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ) - Միջազգային արդարադատության դատարանը իր հրահանգներում, որոնք հասցեագրված էին Ադրբեջանին, ի պատասխան Հայաստանի կողմից հարուցված հայցի, առաջին անգամ մատնանշում է մշակութային ժառանգության պաշտպանման անհրաժեշտությունը: Այս պարագայում դա վերաբերում է կոնկրետ հայկական մշակութային ժառանգությանը, բայց միևնույն ժամանակ առաջին անգամ է, որ ընդհանուր մշակութային ժառանգության թեման այսքան բարձր է հնչում միջազգային կարևորագույն, ամենաբարձր դատական ատյանի կողմից:
«Կարելի է արձանագրել, որ Միջազգային արդարադատության դատարանը ինչ-որ առումով վերածվել է մշակութային ժառանգությունը պաշտպանող մեխանիզմի»,- նշում է արտգործնախարարի տեղակալը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան