Հունվարից մինչև դեկտեմբեր Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված է եղել շուրջ 10 հազար թափուր աշխատատեղ:
Դեկտեմբերի 1-ի դրությամբ 7 հազարից ավելին զբաղեցված է: Նույն օրվա դրությամբ նույն ծառայությունում ընդհանուր առմամբ հաշվառված է եղել աշխատանք փնտրող 72.551 մարդ:
Հրայր Հակոբյան (ՄՍԾ գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ) - Կան մասնագիտություններ, որակավորում կամ զբաղմունք, որոնք շատ երկար ժամանակ չեն համալրվում: Ուղղորդումը արվում է, համապատասխան թեկնածուներին առաջարկում են տարածքային կենտրոնների մասնագետները, սակայն ինչ-ինչ պատճառներով գործատուների մոտ չեն համալրվում այդ աշխատատեղերը: Մի դեպքում դա կարող է լինել աշխատանքի ոչ բավարար պայմանները, մյուս դեպքում կարող է լինել նաև գործատուի կողմից ներկայացված պահանջներ, որը չի բավարարվում աշխատանք փնտրողների տվյալները:
Մեծ դժվարությամբ համալրվում են, օրինակ՝ մարզերում բժշկի նեղ մասնագիտացում պահանջող հաստիքները: Միասնական սոցիալական ծառայության էլեկտրոնային հարթակում հրապարակված թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունների թիվը գրեթե միշտ 3 հազարի սահմաններում է: Ամենադժվար համալրվողները 400-500-ն են: Ամենապահանջված մասնագիտություններն ու որակավորումներն էլ գրեթե անփոփոխ են:
Հրայր Հակոբյան - Ներկա դրությամբ դա կար անողներն են, վաճառողները, գանձապահները, հսկիչները: Եթե ոլորտային առումով ներկայացնեմ, ամենամեծ աշխատուժի պահանջարկը առևտրի ոլորտում է, հետո՝ սպասարկման և արդյունաբերության ոլորտներում:
Այս ոլորտներում առաջարկվող ամսական միջին աշխատավարձը հիմնականում 100-150 հազար դրամ է: Իսկ թե աշխատանքային ի՛նչ պայմաններ են առաջարկվում, հարթակում նշվող տեղեկությունը կցկտուր է: Հարցին, թե թափուր աշխատատեղերի հայտարարություններն ընդունող ու հրապարակող աշխատակիցները կարևորո՞ւմ են արդյոք աշխատողի իրավունքները, բաժնի պետը պատասխանեց.
Հրայր Հակոբյան - Հետագա ընդունելությունը, աշխատանքային պայմանագիր կնքել՝ բոլոր գործընթացները արդեն տեղի են ունենում գործատուի և աշխատանք փնտրողի միջև օրենքի սահմաններում:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը նկատում է՝ աշխատանքային իրավահարաբերություններում խախտվում են Աշխատանքային օրենսգրքով նախատեսված իրավունքների զգալի մասը: Բայց ամենատարածվածներից է աշխատանքային պայմանագիր չկնքելը, կամ էլ պայմանագիրը կնքվում է, բայց հենց դրանում ներառվում են օրենսգրքին չհամապատասխանող ու աշխատողի իրավունքը խախտող դրույթներ:
Էլեն Մանասերյան (Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ) - Օբյեկտիվորեն պիտի նշել, որ մեր հասարակությունը և ընդհանրապես մեր ազգաբնակչությունը չի սիրում կարդալ ինչ-որ բան ստորագրելուց առաջ, և շատ հաճախ խախտումները հենց այդտեղից են գալիս:
Մանասերյանը նաև իրազեկվածության պակասն է շեշտում. աշխատողը հաճախ տեղյակ էլ չի լինում, որ իր իրավունքները խախտվում են:
Չտրամադրել տարեկան առնվազն 20 աշխատանքային օր վճարովի արձակուրդը, չթույլատրված դեպքերում պահանջել արտաժամյա աշխատանք, հանգստյան և ոչ աշխատանքային օրերին ներգրավել աշխատանքում, աշխատողին հեռացնելու մտադրությամբ կարգապահական տույժեր կիրառել՝ սրանք նույնպես Աշխատանքային օրենսգրքի տարածված խախտումներից են:
Ընդ որում, օրինաչափություն է նկատվում՝ մարդիկ բարձրաձայնում են իրավունքի խախտման մասին, երբ արդեն լուծվել են աշխատանքային հարաբերությունները: Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի խոսքով՝ գործազրկության ու աղքատության բարձր մակարդակը ստիպում է, որ մարդիկ համակերպվեն իրավունքի խախտումներին: Մանասերյանը, այդուհանդերձ, ընդգծում է՝ աշխատանքն արդյունավետ է լինում, եթե չեն խախտվում աշխատողի իրավունքները, ու նա ստանում է արժանապատիվ վարձատրություն:
Էլեն Մանասերյան - Բնականաբար, աշխատողը ուզում է քիչ աշխատել, շատ գումար վաստակել, գործատուն ուզում է շատ աշխատեցնել, քիչ վճարել: Բայց երբ մենք գալիս եք այն գիտակցության, որ այս երկուսը համատեղ միայն կարող են արդյունք տալ, այդ ժամանակ մենք կարող ենք ունենալ և՛ զարգացած տնտեսություն, և՛ բիզնես:
Էլեն Մանասերյանն ընդունում է՝ Հայաստանի արհեստակցական միությունները, որոնք կոչված են աշխատողների իրավունքներն ու շահերը պաշտպանելուն, բավարար չափով կայացած չեն:
Էլեն Մանասերյան - Ցավոք սրտի, այն հզորությունը չունեն արհմիությունները, որը պետք է ունենային, բայց մենք էլ դրա համար ենք իրականում. և՛ սերնդափոխությունը արհմիություններում, և՛ ակտիվությունը պիտի բերեն այդ ցանկալի արդյունքին, որի համար մենք այսօր պայքարում ենք և ուզում ենք դա ունենալ:
Կոնֆեդերացիան տարեկան ստանում է միջինում 60-80 դիմում-բողոք: Ցանկացած քաղաքացի կոնֆեդերացիայից կարող է անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալ, բայց փաստաբան ապահովվում է միայն այն աշխատողի համար, որը արհմիության անդամ է, քանի որ նա անդամավճար է տվել:
Աշխատանքային իրավունքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տարեվերջին հաստատում է հաջորդ տարվա ստուգումների ցանկը: Դա հրապարակվում է, բայց տնտեսվարողները չեն իմանում, թե հատկապես ո՛ր օրերին են իրենց մոտ ստուգումներ լինելու: Տեսչության աշխատակիցներին այս դեպքում հետաքրքրում է գրանցված ու առկա աշխատողների համեմատությունը:
Սլավիկ Սարգսյան (Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող) - Ստուգվում է նաև՝ վճարումները արվե՞լ են ժամանակին, այդ ամբողջ վճարումները՝ աշխատավարձ, արձակուրդային ու նաև հավելավճար վտանգավոր աշխատանքների համար ստացվել են, թե՞ չէ: Ու շատ են արձանագրվել դեպքեր, որ մարդը արդեն չի աշխատում կազմակերպությունում, բայց հաշվի առնելով, որ աշխատելու ժամանակ չի հաշվարկվել այդ գումարը, եղել են դեպքեր, որ կարգադրագրում տրվել է բավական մեծ գումարներ վճարել այդ մարդուն:
2022 թվականի համար նախատեսված է եղել մոտ 380 ստուգում, դեռ ամփոփված է երրորդ եռամսյակը, որի ընթացքում իրականացվել են գրեթե 360-ը: Խախտումներ են հայտնաբերվել 224-ի դեպքում, կիրառվել տուգանքներ:
Այս ստուգումների ընթացքում աշխատողների հետ չեն խոսում, նրանց աշխատանքային մյուս իրավունքների մասին հարցուփորձ չեն անում: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը նշեց՝ փոխարենը քաղաքացու հետ սերտ գործակցում են դիմում-բողոք ստանալու դեպքում:
Նույն ժամանակահատվածում դիմում-բողոքների հիման վրա հարուցվել է 310 վարչական վարույթ: Բողոքները հիմնականում վերաբերել են աշխատավարձ չվճարելուն, ուշացնելուն, վերջնահաշվարկ չանելուն:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարույթ է հարուցում նաև պետական մարմիններից կամ անհատներից ստացված տեղեկության հիման վրա:
Հաշվետու ժամանակահատվածում հարուցվել է այդպիսի շուրջ 670 վարույթ, որից մոտ 570-ը՝ Պետական եկամուտների կոմիտեի հետ գործակցության արդյունքում:
Ուշադրության կենտրոնում եղել է դարձյալ առանց պայմանագրի, չգրանցված աշխատող ունենալու հանգամանքը:
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում աշխատանքային օրենսդրության վերահսկողության շրջանակում ընդունվել է տույժ նշանակելու 586 որոշում, ընդհանուր առմամբ, սահմանվել է ավելի քան 261.5 մլն դրամի տուգանք։
Անհատներից Աշխատանքային օրենսգրքի՝ անձամբ իրենց չվերաբերող խախտումների մասին դիմումները եզակի են լինում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան