2019-ից հետո, երբ ձևավորվեց Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը, անմիջապես սկսեցին լեյշմանիոզ հիվանդության համատարած թեստավորման գործընթաց: Անասնաբույժներն արդեն կասկածներ ունեին, որ թափառող շների մոտ նորից գլուխ է բարձրացնում լեյշմանիոզը:
Մինչև այդ, ավելի քան 30 տարի Հայաստանում թափառող կենդանիների մասսայական թեստավորում չէր արվել: Նույնիսկ տնային պայմաններում պահվող կենդանիներն անկում էին, տերերի համար այդպես էլ անհայտ էր մնում՝ ո՛րն էր պատճառը:
Հարություն Առաքելյան («Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար) - Մեզ մոտ խնդիր է ոչ միայն հիվանդության տարածման, այլ նաև հիվանդության մասին պատկերացում ունենալու ու դրա լրջության հասկանալու հետ կապված, որովհետև հասարակության շատ փոքր մասն է տեղեկացված առհասարակ խնդրից, ու դա չի վերաբերում միայն թափառող կենդանիներին, այլ նաև տանը պահվող կենդանիների դեպքում ևս հիվանդությունը նկատվում է:
Հաճախ մարդիկ սկսում են բուժումներ, նույնիսկ չիմանալով, ինչ հիվանդություն ունի կենդանին, իսկ եթե վարակվել է լեյշմանիոզով, դա արդեն անբուժելի է: Նույնիսկ անասնաբուժության մասին օրենքով դրա բուժումն արգելված է, կենդանին պետք է պարտադիր քնեցվի: Հիվանդության դեպքեր Հայաստանում գրանցվել են 1915-1960-ականներին, դրանից հետո հիվանդության դեպքեր չեն արձանագրվել մինչև 1990-ականները: Վերջին 30 տարվա ընթացքում նորից հիվանդությունը գլուխ է բարձրացրել: Մասնագետները դա կապում են հիմնականում գլոբալ տաքացման հետ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը խնդրով զբաղվում է 2016 թվականից:
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Էն հիվանդությունների տարածողները մակաբույծները, որոնք բնորոշ չեն եղել ինչ-ինչ տարածքների համար, ելնելով կլիմայական փոփոխություններից, արդեն կոնկրետ լեյշմանիոզի դեպքում ֆլեբոտոմուս մլակները հայտնվում են այնպիսի տեղերում, որտեղ բնորոշ չեն եղել:
Վաղ գարնանից մինչև հունիս համարվում է հիվանդության ակտիվ տարածման շրջան: Միջատների խայթոցից հիվանդությունն անցնելով շներին այլևս չի վերանում: Դրանց խայթոցից հաճախ վարակվում են նաև թույլ իմունիտետով մարդիկ, հատկապես խոցելի են մանկահասակ երեխաները՝ հիմնականում մինչև հինգ տարեկանները:
Հռիփսիմե Ապրեսյան («Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ, մանկական վարակաբան) - Մեր երկրում բնական պահոցը կա, և դեպքեր կարող են ավելանալ, որովհետև վարակված կենդանիներ ունենք:
Ջերմության տևական բարձրացում, գունատություն, որովայնի փքվածություն՝ սրանք մարդկանց մոտ նկատվող առաջին նախանշաններ են՝ ասում է վարակաբանը: Հայաստանում լեյշմանիոզով տարեկան վարակվում է մինչև 20 երեխա: Բուժումը բավականին բարդ գործընթաց է: Եղել է տարի, երբ հիվանդների թիվը հասել է 45-ի:
Հռիփսիմե Ապրեսյան - Եթե մենք նախկինում ունեինք հիմնական դեպքերը Սյունիքից, Տավուշից, Լոռուց, ապա վերջին տարիներին ավելացել են դեպքերը Երևանից, ունենք հատուկենտ դեպքեր Կոտայքից, այսինքն՝ կապված նրանով, որ գլոբալ տաքացման պատճառով մլակների տարածվածությունն է մեծանում, մենք ունենում ենք նաև այն հատվածներից, որոնք ի սկզբանե չեն եղել լեյշմանիոզի օջախ:
Բուժման միակ արդյունավետ դեղամիջոցը, որը գրանցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, մեր երկրում գրանցված չէ:
Հռիփսիմե Ապրեսյան - Առաջին շարքի պրեպարատը որը կոչվում է Ամբիսոմ ալանֆոտորիցին B, մեր երկրում գրանցված չէ, և ձեռքբերումը բավականին դժվար է, հատուկ թույլտվությամբ: Հաճախ դա բարեգործների միջոցով է արվում, ծնողների միջոցներով հատուկ թույլտվություններով դրսից բերելու միջոցով է արվում և, իհարկե, թանկարժեքությունը:
Այդ դեղորայքով բուժումը տևում է մեկ շաբաթ: Երկրորդ դեղամիջոցը գլյուկանտիմն է, որը մեր երկրում գրանցված է, բայց ունի հակացուցումներ: Բուժումը տևում է մեկ ամիս: Թեև մլակներն են վարակի առաջնային կրողն ու տարածողը, հիվանդությունը դրանց չի ախտահարում: Այդ պատճառով դժվար է նույնականացնել վարակակիր միջատներին, անհնար է նաև դրանց վերացնելը: Այս պայմաններում վարակի տարածումը կանխելու իրատեսական տարբերակը, ըստ մասնագետների, լեյշմանիոզով հիվանդ շների քնեցումն է: Հիվանդությունը, ճիշտ է, շնից այլ կենդանիների ու մարդուն անմիջապես չի անցնում, բայց վարակը կարող է տարածել արդեն հիվանդ շանը խայթած միջատը:
Հիվա՞նդ է կենդանին, թե՞ ոչ, վերջնական համոզվելու համար Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում արագ թեստերից բացի հիմա երկարատև թեստավորում են անում Էլազիա կոչվող սարքով: Տարեսկզբից մինչև դեկտեմբերի 1-ը Երևանում հայտնաբերվել է լեյշմանիոզով հիվանդ թափառող 432 շուն: Ըստ վիճակագրության՝ լեյշմանիոզով հիվանդ շներ ավելի շատ հայտնբերվում են Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, որոշ չափով էլ՝ Էրեբունի վարչական շրջաններում:
Հիմա արդեն մայրաքաղաքում գլուխ է բարձրացրել կենդանիների ժանտախտ հիվանդությունը: Հունվարից-դեկտեմբերի 1-ը Երևանում հայտնաբերվել է 75 կենդանի: Վարակի օջախը մոտավոր հայտնի է:
Հարություն Առաքելյան - Խնդիրը կարծես ավելի է լրջանում, որովհետև Տավուշի մարզի Դիլիջան համայնքում և Վանաձոր քաղաքում մեծ աղմուկ կար հիվանդության զարգացման ու տարածման մասով, և, ցավոք, առհասարակ կենդանիների ոլորտը մեծ մասամբ կանոնակարգված չէ, մարդիկ իրենց իրավունք էին վերապահել նույնիսկ այդ կենդանիներին բերել Երևան ու բուժում անցկացնել:
Կարծում եմ՝ ավելորդ է խոսել, թե այդ կենդանիները այդ ընթացքում քանի՛ կենդանու են վարակել: