Հիպոտեկային վարկերը՝ միայն դրամով. Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի և իր գործընկերների հեղինակած օրենքի նախագիծն է: Առաջարկվում է այսուհետ Հայաստանի քաղաքացիներին բնակարանային հիպոտեկային վարկերը տրամադրել ազգային արժույթով, իսկ ոչ ռեզիդենտները կարող են նաև արտարժույթով ստանալ: Հայաստանի տնտեսության կարևոր խնդիրներից մեկը հենց դոլարիզացիան է՝ նշում է պատգամավորը:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Դրա հիմնական պատճառներից մեկն էլ հենց հատկապես հիպոտեկային վարկերն են, եթե մասնաբաժնով նայենք, ապա սպառողական վարկերի մեջ այսպես կոչված արտարժույթով վարկերի ծավալը ընդամենը՝ 14.4 տոկոս է, գյուղատնտեսական վարկերի մեջ ավելի քիչ՝ 11.5 տոկոս, այնինչ հիպոտեկային վարկերի մեջ այդ մասնաբաժինը հասնում է 23.6 տոկոսի, այսինքն՝ գրեթե ¼-րդը էս պարագայում հիպոտեկային վարկերի արտարժույթով են արտահայտված, որի բացարձակ մեծամասնությունը, հասկանալի է, հենց դոլարով վարկերն են: Հետևաբար, երբ որ մենք խոսում ենք դոլարիզացիայի մասին և դրա մարտահրավերների մասին, ապա պետք է ակնհայտորեն ընդունել, որ սա այդ տրամաբանության մեջ շատ կարևոր քայլ է:
Նախագիծը հիմա շրջանառելու պատճառն այն է, որ այս շրջանում դրամի որոշակի արժևորումը դոլարի նկատմամբ կարող է մարդկանց շահագրգռել դոլարային հիպոտեկ վերցնել, նշում է Պապոյանը:
Գևորգ Պապոյան - Կարող ենք մենք ունենալ մի էնպիսի իրավիճակ, որ ընդամենը 2 տոկոսային կետ մարդը շահելու համար, պարզվի, որ ապագայում ինքը՝ 20, 30 տոկոսով, 15 տոկոսով տուժի, որովհետև Հայաստանում փոխարժեքը ազատ լողացող է:
Չնայած ԱԺ պատգամավորների անհանգստությանն ու օրենսդրական փոփոխության նախաձեռնությանը, արտարժութային հիպոտեկային վարկերը վերջին տարիներին մեծ դինամիկա չեն արձանագրում: Մասնագետների խոսքով՝ դրամային հիպոտեկային վարկերն անհամեմատ ավելի մեծ տեմպով են աճում:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Հոկտեմբեր ամսվա կտրվածքով հիպոտեկային վարկերը արտարժույթով արտահայտված ավելացել է ընդամենը 7 մլրդ դրամով, 19 թվականին 120 մլրդ էր բանկերի կողմից տրամադրված, այս տարվա հոկտեմբերի տվյալներով՝ 127 մլրդ, նույն ժամանակահատվածում դրամով տրամադրված հիպոտեկային վարկերն ավելացել են 3 անգամ՝ 210 մլրդ դրամից հասնելով 670 մլրդ-ի, այսինքն՝ խնդիրը էդ աստիճան սրությամբ դրված չէ:
Հայաստանի կենտրոնական բանկում ծանոթ են նախագծին և դրական կարծիք ունեն: Ըստ խորհրդի անդամ Լևոն Սահակյանի՝ նախագծի նպատակը ռիսկերը զսպելն է:
Լևոն Սահակյան (ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ) - ԿԲ-ն վարում է արտարժույթի լողացող քաղաքականություն, և, ինչպես տեսնում եք, հնարավոր է ժամանակի որոշակի ժամանակահատվածում սպառողները տեսնեն համեմատաբար կայուն արտարժույթի փոխարժեք, և նման իրավիճակները կարող են հանգեցնել, որ նրանք թերագնահատեն արտարժութային ռիսկը, հետևաբար կարծում ենք, որ հիպոտեկային կրեդիտավորման պարագայում առավել ճիշտ է անձնական ֆինանսները կառավարելու տեսանկյունից նույնպես, որպեսզի վարկի արժույթը լինի այն արժույթը, որով որ ստանում ենք նրանք իրենց հիմնական եկամուտները:
Բանկերի հետ գլխավոր դրամատունը նախագիծը քննարկել է, հաշվի են առել նրանց կարծիքը:
Լևոն Սահակյան - Այս առումով կարող ենք ամրագրել զուտ այն, որ այս հարցը առաջնահերթություններում չէ համակարգի:
Ըստ Արմեն Քթոյանի՝ կարևոր է հասկանալ՝ այս նախագիծն ավելի շատ կվնասի՞, թե՞ օգուտ կտա: Շեշտում է՝ արտարժութային ռիսկերից տուժում է կա՛մ Հայաստանի քաղաքացին, կա՛մ հայաստանյան բանկը, և այդ ռիսկը մնում է երկրի ներսում:
Արմեն Քթոյան - Հիմա, եթե իրական իրավիճակին ենք նայում, որը կա հիպոտեկային շուկայում, ապա ես ավելի հակված եմ, որ էս նախագծի ազդեցությունը այն աստիճան շոշափելի, զգալի չի լինի, ինչը կարող էր լինել, եթե մենք ֆինանսական համակարգի կայունության ասպեկտն ենք դիտարկում: Չնայած նախագծի հիմնավորումների մեջ ներկայացվում է, որ տեմպերը գնալով ավելանում են արտարժութային հիպոտեկային ծավալի, բայց բացարձակ ծավալով դրանց մասնաբաժինն ընդհանուրի մեջ էապես նվազում է: Եթե մենք հետ գնանք, ասենք՝ 7 տարի առաջ, էնտեղ հիպոտեկային վարկերի պորտֆելում արտարժութային վարկերը շատ ավելի են:
Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը՝ Հունգարիա, Վրաստան, Ռուսաստան:
Գևորգ Պապոյանի խոսքով՝ այլ երկրներում խնդիրն առաջանալուց հետո են նման նախագիծ շրջանառել, մեր երկրում փորձում են կանխարգելիչ գործողություն իրականացնել, հատկապես որ վերջին ամիսներին հայաստանյան բանկերում մեծ չափով արտարժույթ կա, և բանկերը դա պետք է ինչ-որ տեղ իրացնեն:
Ըստ պատգամավորի ներկայացրած տվյալի՝ Հայաստանում արտարժութային հիպոտեկային վարկի մոտ 8 հազար պայմանագիր կա: Կառուցապատողները, որոնք հիմնականում անշարժ գույքի քառակուսի մետրի գինը դոլարով են ներկայացնում, իրենց գումարը, միևնույն է՝ դրամով են ստանում՝ նշում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը:
Գուրգեն Գրիգորյան («Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ) - Այսինքն՝ այն, որ շրջանառվում է նախագիծ արտարժութային վարկերի տրամադրումը սահմանափակելու և միայն ՀՀ դրամով իրականացնելու մասին, դա կառուցապատողի տեսանկյունից, ըստ էության, էական դեր չունի, ինչի՞, որովհետև, միևնույն է, եթե նույնիսկ առևտրային բանկը գնորդին, ում տրամադրում է վարկ, վարկը տրամադրում է արտարժույթով՝ եվրոյով կամ դոլարով, միևնույն է, դա կոնվերտացիա է լինում և հատուկ հաշվի վրա է մուտքագրվում և սառեցվում է հատուկ հաշվի վրա ՀՀ դրամով:
Գևորգ Պապոյանի խոսքով՝ միայն հիպոտեկային վարկերի մասով են փոփոխություն իրականացնում, քանի որ ի տարբերություն կարճաժամկետ այլ վարկատեսակների՝ այն հիմնականում 10-20 տարով են քաղաքացիները վերցնում:
Եթե ամեն ինչ հարթ ընթանա, ըստ նախագծի համահեղինակի, փոփոխությունը կարող է ուժի մեջ մտնել հաջորդ տարվա մարտից ու կտարածվի դրանից հետո կնքված պայմանագրերի վրա:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան