2022 թվականի երրորդ եռամսյակի տվյալով՝ Հայաստանում բջջային կապի ավելի քան 3 մլն 921 հազար բաժանորդ կա, որից 3 մլն 671 հազարը բջջային հեռախոսակապից օգտվողներն են, մյուսները՝ լայնաշերտ ինտերնետից:
Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ բաժանորդների քանակն ավելացել է 177 հազարով կամ մոտ 5.1 տոկոսով: Հայաստանի օպերատորների միության տնօրենի խոսքով՝ հիմնական աճը գրանցվել է առաջին եռամսյակից սկսած, երբ մեծ հոսքեր եղան դեպի մեր երկիր:
Քրիստինե Գյոնջյան («Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ տնօրեն) - Առաջին բանը, ինչ անում են, երբ Հայաստան են ժամանում, բջջային կապի և ինտերնետ հասանելիություն ձեռք բերելն է, իսկ մենք բավականին հետաքրքիր և գրավիչ ենք ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար, քանի որ Հայաստանն ունի բավականին զարգացած հեռահաղորդակցության ոլորտ: Մեզ մոտ բջջային կապը և ինտերնետը բավականին զարգացած է, բավական լավ որակի ինտերնետ ունենք, իսկ կազմակերպությունների համար, որոնք աշխատում են հիմնականում դրսի հետ, անհրաժեշտություն է առաջանում լավ որակյալ կապի:
Բաժանորդների թվի նման աճն ինքնաբերաբար չէր կարող լինել, նշում են մասնագետները, ընդգծում՝ զբոսաշրջիկների գործոնը, ինչպես բանկային քարտերի դեպքում, բջջային հեռախոսահամարների պարագայում ևս էապես ազդել է:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Միայն Հայաստանի բնակչության հաշվին 12 ամսվա ընթացքում նման քանակությամբ բաժանորդների աճի ցուցանիշ զուտ առումով չէր կարող արձանագրվել: Իհարկե, համախառն առումով շատ ավելի մեծ ցուցանիշներ են արձանագրվում, բայց երբ ցուցանիշները զուտացնում ենք, էստեղ որոշակի բնական թրենդ կա, որից էս 170 հազար լրացուցիչ բաժանորդները շատ ավելի բարձր են, շեղված են դրական ուղղությամբ և սա այլ կերպ բացատրել, քան դեպի Հայաստան տեղափոխվող անձանց գործոնով, այդ թվում՝ ժամանակավոր, և առավել երկարաժամկետ բնակության նպատակներով, հնարավոր չէ:
Բջջային կապի 3 օպերատորները տարբեր չափով են զգացել բաժանորդների ավելացումը:
Ըստ օպերատորների՝ «Լուրերին» տրամադրած տվյալների՝ տարբեր ընկերություններում նախորդ տարվա համեմատությամբ այս տարի նոր քարտ ձեռք բերողների քանակն աճել է 1.5-2 անգամ: Մասնագետների պնդմամբ՝ վերջին տարիներին ոլորտի շահութաբերությունը նվազել էր, սակայն հիմա լավ հեռանկարներ են բացվել:
Նարեկ Կարապետյան - Մենք 2020 թվականին տելեկոմունիկացիոն ոլորտում ունեցել էինք ակտիվ բաժանորդների թվի նվազում: 3 օպերատորների դեպքում էլ սա դիտարկվել էր, 2021-ին որոշակի վերականգնողական գործընթաց էր եղել, սակայն 2019-ի ցուցանիշը չէր ստացվել վերականգնել: Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին դիտարկված զարգացումներով մինչքովիդյան մակարդակը վերականգնվել է և անգամ ավելին, ու աճի տեմպերը բավականին բարձր են, ինչը զուգորդվել է նաև շահույթների աճով այս կազմակերպությունների մոտ:
Հայաստանի օպերատորների միության տնօրենի գնահատմամբ՝ աճի առկա միտումները դեռ կշարունակվեն:
Քրիստինե Գյոնջյան - Բայց ոչ էն տեմպերով, ինչ եղել է այս ամիսների ընթացքում, քանի որ պետությունն էլ բավականին մեծ գործընթացներ ունի, որոնք նպաստում են Հայաստան տեղափոխված կազմակերպություններին աջակցելու համար, սակայն, բնականաբար, առաջին բումից հետո, երբ մեծ թվով տեղափոխվեցին, հետագա էտապներում ավելի հավասարակշռված է լինելու այդ ամենը:
Նշենք, որ բջջային կապի 3 օպերատորներն այս տարվա 9 ամսում պետբյուջե են վճարել ավելի քան 24 մլրդ դրամ հարկեր և տուրքեր:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան