2023-ի հունվարի 1-ից մինչև 2024 թ. հունվարի 1-ը կդադարեցվի Հայաստանի քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը: Համացանցում րոպեներ անց քաղաքացիների մեջ խուճապ առաջացավ. «Ինչպե՞ս, մեկ տարի անձնագիր չե՞նք ստանա»: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը հստակեցնում է՝ Հայաստանում գործում է ճամփորդական 2 փաստաթուղթ՝ կենսաչափական տվյալներ պարունակող և թղթային, այսինքն՝ սովորական անձնագիր: Օրենքի փոփոխությունը վերաբերում է բացառապես կենսաչափական անձնագրերին:
Արա Մկրտչյան (ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ) - Սա, նայեք, կենսաչափական անձնագիրն է, այս նշանը խոսում է դրա մասին ու այս անձնագիրը մեկ տարի ժամկետով կասեցվելու է տրամադրումը, իսկ սա մեր սովորական կապույտ անձնագիրն է, սա ինչպես տրամադրվել է, այնպես էլ տրամադրվելու է: Լուսանկարի էջը, որը հիմա թղթային է, լինելու է պոլուկարբոնատ, էլեկտրոնային կրիչում պարունակելու է կենսաչափական տվյալներ, ու բարձրացվելու են անվտանգության չափանիշները:
Արա Մկրտչյանի խոսքով՝ ժամանակն է ամբողջովին անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի: Ապրիլին կհայտարարվի միջազգային մրցույթ, և հաղթող կազմակերպությունը կմշակի ու կներդնի բիոմետրիկ համակարգ՝ սարքավորումներից մինչև անձնագրերի տպագրություն: Այդ պատճառով որոշում կայացվեց մինչև նոր փաստաթղթի անցումը կասեցնել հին նմուշի կենսաչափական անձնագրերի տրամադրումը:
Արա Մկրտչյան - Այդ փոփոխությունը, անցումը կկատարվեն այնպես, որ մարդիկ իրենց վավեր ժամկետում գտնվող անձնագրերը ստիպված չլինեն փոփոխել, այսինքն՝ լրացուցիչ պետտուրքեր չմուծեն, ու կգործեն նույն իրավական ուժով:
Նոր նմուշի կենսաչափական անձնագրերը և նույնականացման քարտերը, որ նախատեսվում է 2024 թ.-ից տրամադրել Հայաստանի քաղաքացիներին, թույլ են տալու բոլոր տվյալները թվայնացնել: Կենսաչափական անձնագրով ավելի հեշտ է կատարվում նույնականացումը, քաղաքացիների տվյալներն ավելի պաշտպանված են, անձնագիր կեղծելը՝ մի քանի անգամ բարդ: Աշխարհի բոլոր զարգացած երկրները վաղուց անցել են կենսաչափական անձնագրերի՝ հստակեցնում է ոլորտի պատասխանատուն:
Արա Մկրտչյան - Ամրագրված կենսաչափական տվյալներով անձը կարողանում է օգտվել ոչ միայն թվային ծառայություններից, այլև ՀՀ-ից դուրս իր անձնագրով կարող է օգտվել էլեկտրոնային ծառայություններից: Բոլորս գիտենք, որ եվրոպական մի շարք օդանավակայաններում հասել են այնպիսի թվային լուծումների, որ մարդիկ նույնիսկ իրենց հաշվառումը և սահմանի անցումը իրականացնում են էլեկտրոնային գեյթերի միջոցով՝ օգտվելով իրենց կենսաչափական անձնագրերից, և մեր բարեփոխումները, որ իրականացնում ենք, ցանկանում ենք, որ մեր քաղաքացիները ևս կարողանան նման ծառայություններից օգտվել:
Պարզ անձնագրերում չկա էլեկտրոնային կրիչ, և հենց դրանով էլ սահմանափակվում է քաղաքացու՝ տարբեր ծառայություններից օգտվելու հնարավորությունը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հիշեցնում է՝ մեր երկիրը դեռ 2012-ից էր ուզում անցնել այս համակարգին: Մի քանի տարի քաղաքացիները կենսաչափական անձնագրեր ստացան, հետո առաջ եկան ծրագրային խնդիրներ, կենսաչափական տվյալների համակարգը ժամանակին չարդիականացվեց, ինչի հետևանքով հին նմուշի անձնագրերը կրկին դաշտ վերադարձան: Իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ այս անգամ ևս ՀՀ քաղաքացին նույն խնդրի առաջ չի կանգնի՝ ձեռք բերելով նոր կենսաչափական անձնագիր:
Արմեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Այո՛, դուք ճիշտ եք, ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջացել անձնագրերի տրման կամ նույնականացման տրման պրոցեսներում, և ԱԺ-ն իր վերահսկողական գործառույթների շրջանակում, մենք այդ մտահոգությունը արտահայտել ենք գործադիրին ու հույս ենք հայտնել, որ նման իրավիճակներ չեն առաջանալու:
Արմեն Խաչատրյանը ընդգծեց՝ կենսաչափական անձնագրերի հետ քաղաքացուն տրամադրվելու է նաև էլեկտրոնային հասցե, և այդ էլեկտրոնային հասցեն օգտագործվելու է փաստաթղթաշրջանառության համար:
Արմեն Խաչատրյան - Բազմաթիվ քաղաքացիներ գիտենք, որ ունեն էլեկտրոնային ստորագրություն, բայց դա ներառված չի անձնագրի հետ, կապ չունի կամ բավականին խրթին է դրա օգտագործումը, և էլեկտրոնային այդ ստորագրությունների պարզեցման հնարավորություններ է ստեղծելու տեխնիկական, որը նույնպես այդ կենսաչափական անձնագրի հետ է կապվելու, այսինքն՝ եթե անձը ունի կենսաչափական անձնագիր, հնարավորություն է ունենալու նաև էլեկտրոնային ստորագրություն ունենալու:
Նախատեսվում է այսպես ասած հին անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, նույնականացման քարտերինը՝ մինչև մինչև 2023-ի փետրվարի 15-ը, դրանից հետո կսկսեն նույնականացման քարտեր տրամադրել էլեկտրոնային պահոցով:
Արա Մկրտչյան - Գործող նույնականացման քարտերի պաշարը, որը մենք ունենք, տրամադրում ենք առաջնահերթ այն մարդկանց, որոնք ունենք էլեկտրոնային ստորագրության կարիք, յուրաքանչյուր օր բոլոր դիմողներին տրամադրում ենք, որպեսզի առաջնահերթ նրանք կարողանան իրենց էլեկտրոնային ստորագրության պրոցեսում խնդիր չունենան:
Արա Մկրտչյանի խոսքով՝ աշխարհի մի շարք երկրներում նույնականացման քարտերը գործում են նաև սմարթ համակարգով, չի բացառվում որ մեր երկիրը ևս նման անցում անի: Ի դեպ, ոլորտի պատասխանատուն բացառեց շրջանառվող այն լուրերը, որ փոփոխությունները իրենց հետ պետտուրքի թանկացումներ են բերելու: Վստահեցրեց՝ նման քննարկում անգամ չկա:
Ի դեպ, 2022-ին սահմանվել է անձնագրերի տրամադրման բոլոր տարիների ռեկորդը:
Մինչև դեկտեմբեր արդեն իսկ 480 հազար սովորական անձնագիր է տրամադրվել, 16 հազար բիոմետրիկ, 160 հազար նույնականացման քարտ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում սովորական անձնագրերի քանակը եղել է 400 հազար, բիոմետրիկ անձնագրերինը՝ 12 հազար, նույնականացման քարտերինը՝ 98 հազար, այսինքն՝ բոլոր փաստաթղթերի ուղղություններով 30-40 տոկոս աճ: