Դեկտեմբերի 18-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը Պետրոսի տաճարի հրապարակում հազարավոր հավաքվածների ներկայությամբ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Հռոմի Պապը մասնավորապես նշել է. «Սիրելի քույրեր և եղբայրներ, ես անհանգստացած եմ Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես մտահոգ եմ բնակչության մարդասիրական ծանր պայմանների առնչությամբ, որոնք սպառնում են էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակի պայմաններում: Իմ խնդրանքն է բոլոր ներգրավվածներին պարտավորվել խաղաղ լուծումներ գտնել՝ հանուն ժողովրդի բարօրության»։
Հռոմի Քահանայապետի հնչեցրած այս մտահոգությանն է անդրադարձել Սուրբ Աթոռի պաշտոնաթերթ հանդիսացող «Վատիկան նյուզը»՝ տպագրելով հոդվածներ Ադրբեջանի կողմից թշնամական գործողությունների հետևանքով հումանիտար ճգնաժամի եզրին հասցրած Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավիճակին, այդ թվում՝ 30 հազար երեխաներին, որոնք ներկայումս մեկուսացված են և զրկված են սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության պարագաներից, անդրադառնալով նաև միջազգային հանրության արձագանքներին:
Հիշեցնենք, որ արդեն յոթերորդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։