Գործող ու արդեն չգործող ոչ պետական քոլեջների շրջանավարտները դիմումներ են լրացնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում՝ պետական նմուշի դիպլոմ ստանալու նպատակով մասնակցելու նախատեսված քննություններին: Այս հաստատությունները հիմնականում բուժաշխատողներ են պատրաստում կամ պատրաստել, իսկ առողջապահության նախարարությունը ավելի վաղ հայտարարել է, որ հավաստագիր չունեցող բուժաշխատողները արդեն հունվարի 1-ից իրավունք չեն ունենա մասնագիտությամբ աշխատելու: Դրանից հետո շատ բուժաշխատողներ են գրավոր ու բանավոր դիմել կրթական գերատեսչություն՝ դիպլոմը պետական նմուշի դարձնելու հնարավորություն ընձեռելու խնդրանքով:
Լուսինե Ալեքսանյան (Մեծամորի համար 1 մսուր-մանկապարտեզի բուժքույր) - Վերջապես եկավ այդ օրը, շատ էինք սպասում, որովհետև բոլորս էլ հասկանում էինք՝ խնդիր ունենք, պետք է մեր կրեդիտները ապահովեինք, իսկ ոչ պետական դիպլոմով կրեդիտավորման չէինք կարող մասնակցել:
Լուսինե Առաքելյանը 6 ամիս է՝ մանկապարտեզում բուժքույր է: Մինչ այդ 22 տարի աշխատել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում՝ որպես համաճարակաբանի օգնական:
Լուսինե Ալեքսանյան - Ես մտածում եմ, որ դժվարություն չկա, եթե աշխատանքային փորձ ունես, ուրեմն կհանձնես քննությունը:
Պետական հավատարմագրում չունեցող քոլեջների շրջանավարտները հույս ունեն, որ նոր դիպլոմ ստանալը համարժեք կլինի հաստատությունը նոր ավարտելուն, որովհետև մասնագիտական գործունեությունը շարունակելու իրավունքի հավաստագիրը տրվում է երկու տարբերակով՝ եթե բուժաշխատողը մասնագիտական կրթությունը ավարտել է 2018-ին ու դրանից հետո, կամ էլ եթե ժամանակի ընթացքում հավաքել է բավարար կրեդիտներ՝ օրինակ, տարբեր դասընթացների մասնակցելով: Պարտադիր հավաստագրման պահանջը օրենքով ամրագրվել է տարիներ առաջ: Մինչև 2020 թվականն էլ պետական նմուշի դիպլոմ տրամադրելու համար 7 անգամ կազմակերպվել են պետական ամփոփիչ ատեստավորման քննություններ: Բայց առանց հավաստագրի աշխատելու արգելքը չէր գործել ու շատերը թերևս հույս են ունեցել, որ էլի կկարողանան աշխատել առանց հավաստագրի:
Կարեն Մանուկյան (ՀՀ ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ) - Նախարարությունում ևս մեկ անգամ քննարկվեց, քննարկվեց նաև շահագրգիռ գերատեսչությունների՝ ԱՆ, Աշխատանքի տեսչության հետ, և որոշվեց նորից գործընթացը սկսել, բայց այլ սկզբունքով: Նախկինում թույլ էինք տալիս բոլոր շրջանավարտներին գալ հանձնել քննություն: Այս տարի որոշում կայացվեց, որ թույլ ենք տալիս միայն աշխատանքային ստաժ ունեցող շրջանավարտներին, պահանջը՝ վերջին 10 տարվա ընթացքում 3 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացում 1 տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատանքային ստաժ չունեցող շրջանավարտներին էլ հնարավորություն կտրվի դիմել որևէ պետական կամ ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություն և մեկ տարի սովորելուց հետո հանձնել պետական քննություն:
Դիմումները կընդունվեն մինչև դեկտեմբերի 23-ը ներառյալ, քննությունները կարող են անցկացվել ամենաշուտը փետրվարի կեսին: Հունվարի մեկից ուժի մեջ մտնող արգելքի պարագայում ինչ մոտեցում կլինի այս խմբի բուժաշխատողների նկատմամբ: Առողջապահության նախարարությունից պատասխանեցին՝ առանձին մոտեցում չի լինի, և արգելքը կգործի բոլոր դեպքերում: Հաստատեցին, որ գիտելիքի ստուգումը կարող է հիմք դառնալ 5 տարի ժամկետով տրվող հավաստագիր ստանալու համար, իսկ աշխատանքի մեկ-երկու ամիս դադարը, փաստորեն, անխուսափելի կլինի:
Հեղինակ` Աննա Զախարյան: