Շահութաբեր ներդրումներ գովազդող համացանցային խաբեություններն ակտիվացել են՝ զգուշացնում են մեդիափորձագետները: Սոցիալական ցանցերով առաջարկում են գումար ներդնել ինչ-որ բիզնեսում՝ ամսական ամենաքիչը 20-30, երբեմն՝ նույնիսկ 100 տոկոս եկամտաբերությամբ: Գայթակղիչ առաջարկության հեղինակները, բնականաբար, յուրացնում են ներդրված ամբողջ գումարը: Ներդրումային կեղծ կայքերն անընդհատ փոխվում են, հաճախ օգտագործում են ճանաչված անուններ, ինչպիսիք են, օրինակ, «Տեսլան», Իլոն Մասկը, տարածված է նաև «Գազպրոմը»:
Սամվել Մարտիրոսյան (մեդիափորձագետ) - Եթե ներդրման դիմաց առաջարկվում է ինչ-որ աննկարագրելի գումար՝ ամիսը, ենթադրենք, 10-15 տոկոսից շատ եկամտի մասին է խոսքը, արդեն պետք է մարդը լուրջ մտորեր, հետաքրքրվեր, միանգամից չվերցներ վերջին գումարներն ու տանել տենց տեղ ներդնել:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ իրեն շաբաթը մինչև 7 մարդ է դիմում՝ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնք կեղծ ներդրումների պատճառով կորցնում են միջինում 7-10 հազար դոլար: Խաբեության հիմնական երկու եղանակ կա: Առաջին տարբերակում մարդիկ մեկ-երկու ամիս իրական գումարը ստանում են և ներգրավում են նաև իրենց ընկերներին, իսկ ինչ-որ պահից արդեն խաբեբաները յուրացնում են ծուղակն ընկածների ամբողջ ներդրումը: Մյուս տարբերակը շատ ավելի կարճ է. մարդիկ փողը ներդրում են, միանգամից սառեցվում է, պատրվակով, թե ինչ-որ պայման չի կատարվել, և նույնիսկ սպառնում-ստիպում են նորից ներդրում անել:
Սամվել Մարտիրոսյան - Վերջին երկու դեպքը, որ դիմել էին՝ մեկը մի երկու անգամ գումար էր ներդրել, մի 14 հազար դոլարի մասին է խոսքը, մյուսը՝ 10 հազար եվրո էր կորցրել: Որ պատկերացնեք՝ ինչ գումարների մասին է խոսքը:
Ըստ մեդիափորձագետի՝ ներդրումն ընդունված է աշխարհում: Ներդրում անելիս, սակայն, պետք է ուսումնասիրել տվյալ կազմակերպությունը և համոզվել, որ խաբեություն չէ:
Սամվել Մարտիրոսյան - Ներդրում անելը վատ բան չէ, բայց ներդրում անելիս առնվազն պետք է հստակ իմանաս՝ ուր ես ներդնում, ինչ կազմակերպություն է որքանով է էդ կազմակերպությունը հասանելի, վերջիվերջո, որ փողերդ վերցնեն, տանեն, որ կարողանան գնան, գտնեն էդ մարդկանց:
Մեդիափորձագետը հիշեցնում է. եթե բանկերում տոկոսով գումար ավանդադրելիս ստացվում է տարեկան 3-10 տոկոս եկամուտ, իսկ իրական բիզնեսում ներդնելու դեպքում առավելագույնը՝ ամսական 2-3 տոկոսի չափով, ապա ոչ մի օրինական բիզնեսով ամսական 20 տոկոս գումար ստանալ ներդրումից հնարավոր չէ:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան