Նոյեմբերին՝ այս տարվա մեջ առաջին անգամ, Հայաստան այցելողների թիվը գերազանցել է 2019-ի նույն ամսվա ցուցանիշը: Նախորդ ամսում գրանցվել է 144 576 այցելություն, որը 2019-ի նոյեմբերի համեմատ ավելի է 4200-ով, իսկ 2021-ի համեմատ՝ մոտ 68%-ով: Անցած տարի այդ ամսին գրանցվել էր 85 762 այցելություն:
Անուշ Բաբայան (ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ) - Նախնական ունենք նաև ամփոփած 2022-ի հունվար-նոյեմբերը, համաձայն որի՝ այցելությունները կազմել են շուրջ 1 մլն 540 հազար: Կարծում եմ՝ բավականին լավ ցուցանիշ է՝ համեմատած 2021-ի հունվար-նոյեմբերի հետ, աճել է շուրջ 90%-ով:
Անուշ Բաբայանը նկատում է՝ միջազգային փորձագետների կանխատեսումներով՝ 2023-2024 թթ. Հայաստանը կկարողանա հասնել 2019-ի ցուցանիշներին կամ գերազանցել դրանք: Դա փաստում է նաև Հայաստան ժամանած զբոսաշրջության միջազգային փորձագետ Հերալդ Հաֆները, որը երկրում ոլորտի ուսումնասիրություններ է կատարել:
Հերալդ Հաֆներ (Զբոսաշրջության միջազային փորձագետ) - Մենք տեսնում ենք, որ այս երկրում զբոսաշրջության ոլորտը զարգանում է, 2022 թ. ցուցանիշները գրեթե հասել են 2019-ի մակարդակին: Հայաստանը գուցե դեռ այդքան էլ հայտնի երկիր չէ, սակայն շատ հետաքրքիր ուղղություն է եվրոպացիների ու ընդհանրապես աշխարհի համար: Այս երկրում բացահայտելու շատ վայրեր կան:
Նոյեմբերին Հայաստան ամենաշատը այցելել են Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Գերմանիայի քաղաքացիները: Նրանց նախընտրած ուղղություններն են Սևանը, Դիլիջանը, Տաթևը և Գառնին:
Լուիզա Գասպարյան (Ներգնա տուր մենեջեր) - Սեպտեմբեր ամսվա հետ կապված՝ կնշեմ, որ բավականին նվազեց հոսքը տուրիստների, ինչը կապված էր արդեն երկրում տևող իրավիճակներից, բայց հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսներին արդեն աճ ունեցանք:
Մասնագետները նշում են՝ նոյեմբեր ամսվա զբոսաշրջային ցուցանիշները կարող են պայմանավորված լինել նաև «Մանկական Եվրատեսիլ» մրցույթով, որի ընթացքում տարբեր երկրներից ժամանածները բացահայտում էին մեր երկրի տուրիստական ուղղությունները:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան