Աշխարհի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցներ, հասարակական գործիչներ շարունակում են մտահոգություն հայտնել Լաչինում ստեղծված իրավիճակի շուրջ՝ կոչ անելով Ադրբեջանին՝ հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը:
Վաշինգտոնը կրկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմանը: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալի համոզմամբ՝ իրավիճակը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ։
Վեդանտ Պատել (ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ) - Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ և, անկեղծ ասած, դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։ Մենք ուրախ ենք, որ վերականգնվել է գազամատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես արդեն ասացի, էներգետիկ ենթակառուցվածքներում խափանումները կարող են մարդասիրական ճգնաժամի հանգեցնել։ Մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, իսկ դրան հասնելու ճանապարհը բանակցություններն են:
Վեդանտ Պատելը, անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը հավատո՞ւմ է, որ մինչև տարեվերջ կողմերը կստորագրեն խաղաղության համաձայնագիր, պատասխանել է.
Վեդանտ Պատել - Սա մի հարց է, որով, ինչպես գիտեք, մեծապես հետաքրքրված են և շատ մեծ ուշադրություն են հատկացնում պետքարտուղարը և պետդեպարտամենտի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները: Այս հարցում մենք շարունակելու ենք խորապես ներգրավված լինել ու հասնել եզրափակիչ գծին»:
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես մտահոգություն է հայտնել՝ կանխատեսելով մարդասիրական ծանր աղետ:
«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, որը հանգեցնում է մարդասիրական ծանր հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Նման զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժը, այլև խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության ամբողջ գործընթացը»:
Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը պետք է հնարավորինս արագ վերականգնվի՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով հանձնակատար Լուիզա Ամստբերգը։ «Հակառակ դեպքում դա կարող է լուրջ հումանիտար հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն ու խաղաղ բանակցությունները պետք է ուշադրության կենտրոնում լինեն»,- գրել է Ամստբերգը:
Համատեղ հայտարարությամբ Լաչինում ստեղծված վիճակին են անդրադարձել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի և Հայաստանի մոնիտորինգի չորս համազեկուցողները՝ մտահոգություն հայտնելով ազատ տեղաշարժի ընդհատման փաստի վերաբերյալ: «Կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին՝ անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մարդկանց և ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը միջանցքով շտապ վերականգնելու համար»,- նշվում է հայտարարությունում: «Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ապահովելու անհրաժեշտ քաղաքական աջակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանում փաստահավաք առաքելություն իրականացնելու միջոցով»,- հայտարարել են համազեկուցողները: