Հայաստանի էներգետիկ շուկան դիվերսիֆիկացման կարիք ունի՝ նշել են ոլորտի մասնագետները այսօր տեղի ունեցած քննարկմանը:
«Էներգետիկ անվտանգությունը՝ ազգային անվտանգության առանցքային բաղադրիչ. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով հանրային քննարկումը կազմակերպել էր «Ժողովրդական համախմբում» կուսակցությունը:
Բանախոսներն ընդգծել են ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում առկա խնդիրների լուծման կարևորությունը, անդրադարձել այլընտրանքային էներգիայի աղբյուրների ձևավորմանն ու նոր ատոմակայան ունենալու անհրաժեշտությանը:
Արթուր Ավետիսյան (էներգետիկ անվտանգության փորձագետ) - Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրում նոր ատոմակայանի կառուցումը, նախ, կրում է քաղաքական, ապա նոր՝ էներգատնտեսական բնույթ: Դրա վառ ապացույցն է տարիներ շարունակ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվող պայքարը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի փակմանն ուղղված, ինչպես նաև նոր էներգաբլոկի կառուցման դեմ իրականացվող լոբբինգն ամբողջ աշխարհում:
Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հետ կապված՝ ներկայումս կան մի շարք անորոշություններ, իսկ մենք հապաղելու ո՛չ իրավունք, ո՛չ ժամանակ ունենք: