Քննչական կոմիտեում հարուցված վարույթի համաձայն` 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանը կարողացել է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի հատվածը բարձրաստիճան սպայի անգործության պատճառով: Ըստ մեղադրանքի` բանակային կորպուսներից մեկի հրամանատարը մարտական հերթապահության կրման կանոնները խախտել է, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Հրամանատարը կալանավորված է:
Հակառակորդին հաջողվել է մխրճվել պետական սահման բարձրաստիճան սպայի անգործության պատճառով:
Ռաֆայել Վարդանյան (ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ) - Մասնավորապես, մայիսի 12-ին նախապես ծրագրված և պլանավորված ագրեսիայի ակտ է իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա, Նորաբակ բնակավայրերի և Կութ բնակավայրերին հարող հայ-ադրբեջանական շփման գծի` համապատասխանաբար 15 կիլոմետր, 7 կիլոմետր և 4 կմ տարածքների սահմանագծի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածը և մինչև օրս շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել:
Պարզվել է, որ գեներալ-մայորը, լինելով բանակային կորպուսներից մեկի հրամանատարը, Հայաստանի վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կրման կանոնները խախտել է, ինչը առաջացրել է ծանր հետևանքներ:
Ռաֆայել Վարդանյան - Վերջինս չի պահպանել կանոնադրության այն պահանջները, որոնք նպատակ ունեն ապահովել ՀՀ տարածքային ամբողջականությունը, շփման գծի անձեռնմխելիության պահպանումը:
Ռաֆայել Վարդանյանի խոսքով` հրամանատարը չի կատարել իրեն վերապահված պարտավորությունները, նա չի կազմակերպել և չի իրականացրել շփման գծի խախտումները կանխելու, հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու և կասեցնելու մարտական հերթապահության ղեկավարումը:
Ռաֆայել Վարդանյան - Մասնավորապես, 2021 թվականի ապրիլի 15-ից բարձրաստիճան սպան որևէ միջոց չի ձեռնարկել համապատասխան մարտական հերթապահությունը ճիշտ կազմակերպելուն ուղղված իր կողմից արձակված հրամանի պահանջները կատարելու ուղղությամբ, որի հետևանքով զինված ուժերը զրկվել են Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու հնարավորությունից:
Վարդանյանը նշում է՝ հարձակումից հետո գործողություններ թեև ձեռնարկվել են, դրանք բավարար չեն եղել և չէին կարող կասեցնել հակառակորդի ագրեսիան: Հակառակորդը Վերին Շորժայի, Նորաբակի և Կութի ուղղություններով խորացել է 2-6 կիլոմետր: Հրամանատարը այսպիսով մեղադրվում է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, նա կալանավորված է: Նրա պաշտպանը «Լուրերի» հետ զրույցում չցանկացավ մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան